Գալիպոլիի տարելիցը ապրիլի 24-ին նշելը խայտառակություն էր. «Միություն ընդդեմ Ցեղասպանության»
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստան են ժամանել «Միություն ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպության ազգությամբ թուրք և քուրդ անդամները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանային փորձագետ, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանը նրանց ներկայացնելով նշեց, որ նրանք ամեն տարի տարբեր միջացառումներ են կազմակերպում Ցեղասպանությանը նվիրված:
««Միություն ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպությունը ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիայից ճանաչում և փոխհատուցում է պահանջում»,-հայտնեց Հայցպանյանը:
Կազմակերպության անդամ Ալի Էրթեմը, ով ներկա էր հանդիպմանը, երկրորդ անգամ է Հայաստանում:
«Տարիներ առաջ, երբ կազմակերպությունը նոր էր ստեղծվել, ոչ ոք չէր հավատում, որ կազմակերպության թուրք անդամները կարող են դատապարտել հայերի նկատմամբ իրենց նախնիների կատարած ոճիրը»,-նշեց Ալի Էրթեմը:
Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան իր դիրքորոշումը չի փոխելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, շարունակելու է ուրացման, կեղծիքի իր գաղափարախոսությունը. «Ցեղասպանության փաստը կընդունի այն ժամանակ, երբ ամեն ինչ բխի իր շահերից և նվազագույն կորուստներ տա»:
Նա նաև ընդգծեց, որ Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը ապրիլի 24-ին նշելու փաստը խայտառակություն էր, որով ցույց տվեց իր անմարդկայնությունը:
Հանդիպմանը ներկա կազմակերպության մյուս անդամ Ռեջեփ Մարաշլն էլ ավելացրեց, որ Գալիպոլիի ճակատամարտի տարելիցն այդ օրը նշելն անհեթեթություն էր. «Միշտ նշել են մարտին, իսկ այս տարի այն նշեցին ապրիլին` հենց Հայոց ցեղասպանության օրը»:
Ռեջեփ Մարաշլը շեշտեց՝ Թուրքիան գիտակցում է, որ ընդունելով Ցեղասպանությունն` իր ամբողջ պետությունը կփլուզվի և անհրաժեշտ կլինի ստեղծել նոր պետություն: