Թուրք գործիչ. Թուրքիան ՀՀ-ից պետք է ոչ միայն ներողություն խնդրի, նաև հարաբերությունները կարգավորի առանց նախապայմանների
«Մասնակից լինել ժխտողական քաղաքականությանը, մոտեցմանը, նույնն է մասնակից լինել այդ հանցագործությանը: Պատմական անցյալի հետ առերեսվելը կարող է հնարավորություն տալ սկսել ապագայի կառուցումը»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի հետ Թուրքիան պետք է հարաբերությունները կարգավորի առանց նախապայմանների. «Բացի նրանից, որ պետք է Թուրքիան ներողություն խնդրի, պետք է նաև առանց նախապայմանների արձանագրությունները վավերացնի»:
Թուրք գործչի կարծիքով, Էրդողան-Պուտին հարաբերությունների մերձեցումը կարող է հիմք հանդիսանալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար: Ուֆուկ Ուրասը նշեց, որ պետք է իրավական ու քաղաքական պայմաններ ստեղծել, որպեսզի սփյուռքում ապրող հայերը հնարավորություն ունենան վերադառնալ իրենց պապերի տարածքները:
«Թուրքիայի սահմանադրությունում պետք է հստակ հոդված լինի, որը հնարավորություն կտա փոխհատուցել վնասները՝ նյութական, բռնագանձված գույք»,- ասաց թուրք քաղաքական գործիչը:
Նա նաև նշեց, որ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում իր ընկերները նոր արշավ են սկսել՝ «ասելով՝ հայեր ներեցեք մեզ»:
«Կարևոր էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Թաքսիմի հրապարակում տեղի ունեցող միջոցառումների համար: Մենք էլ շնորհակալ ենք արձագանքի համար»,- ասաց նա:
Ուֆուկ Ուրասի խոսքով, Էրդողանը, Դավութօլուն իրենց այդ ձեռնարկներին պետք է վերաբերեն որպես բարեկամությանն ուղղված առաջին քայլ:
Նա նաև ասաց, որ այս մի քանի օրը գտնվելով Հայաստանում, իր կյանքի ամենաերջանիկ ու ամենադժբախտ օրերն էին:
«Երջանիկ եմ, որ մասնակցեցի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումին, ելույթ ունեցա աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետների, խորհրդարանականների հետ: Կցանկանայի, որ այստեղ ներկա լինեին նաև իմ պետության ղեկավարները, մեր երկրից այլ կուսակցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- ասաց թուրք գործիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան