Աշխարհի ամենափոքր Աստվածաշունչը ցուցադրվել է Երուսաղեմում
Երուսաղեմում գտնվող Իսրայելի թանգարանում ցուցադրվել է աշխարհում ամենափոքր Աստվածաշունչը: 0,04 քառակուսի միլիմետր և 20 նանոմետր չափ ունեցող գիրքը համեմատելի է ասեղի անցքի հետ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Բի-Բի-Սի-ին:
Աստվածաշունչը փորագրված է ոսկեզօծ սիլիցիումի միկրոսխեմայի վրա: Գիրքը պարունակում է 1,2 միլիոն խորհրդանիշ՝ գրված եբրայերենով: Նշվում է, որ հրատարակությունը պատրաստվել է թանգարանի 50-ամյակի առթիվ:
Հոբելյանական ցուցադրության շրջանակներում այցելուներին կթույլատրեն կարդալ Աստվածաշունչը մանրադիտակի օգնությամբ, ինչպես նաև կցուցադրեն վավերագարական ֆիլմ գրքի ստեղծման մասին:
Իսրայելի թանգարանը բացվել է 1965 թվականին, համարվում է երկրի մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը: Թանգարանում պահվում է մոտ 500 հազար ցուցանմուշ: