ՀՀ արտգործնախարարը՝ Թուրքիայի հակաարձագանքների մասին
«Թուրքիան այս վերջին օրերին կամ վերջին շրջանում քննադատում է բոլորին՝ Հռոմի պապին, Եվրոպառլամենտին, որը ներկայացնում է 28 երկիր, Ֆրանսիային, Ռուսաստանին, Գերմանիային, Ավստրիային, շատ ուրիշ երկրների»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արձագանքները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր երկրների և կազմակերպությունների կողմից արված հայտարարությունների վերաբերյալ:
Թուրքիայի արձագանքները նախարարը հակաարձագանքներ անվանեց:
Նախարար Նալբանդյանը նաև ասաց. «Կարծում եմ՝ Թուրքիային ավելի հեշտ կլինի մեկ հայտարարություն անել՝ քննադատելով ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությունը նրա համար, որ միջազգային հանրությունը և աշխարհը խոսում են լեզվով, որն իրենք չեն հասկանում: Բայց եթե ամբողջ աշխարհը խոսում է մեկ լեզվով և դու չես հասկանում, ուրեմն պետք է մտածես՝ միգուցե սխալը հենց քո մեջ է»: