Ո՞վ է ներկայացնելու Հայաստանը «Նոր ալիք» մրցույթում
«Նոր ալիք-2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնելու է Գրիգոր Կյոկչյանը: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է երգիչը:
Նշենք, որ այս տարի մրցույթն անցկացվելու է ոչ թե Յուրմալայում, ինչպես դա լինում էր սովորաբար, այլ Սոչիում օգոստոսի 25-30-ը:
Երգիչ, երգահան, դաշնակահար Գ. Կյոկչյանը ծնվել է 1987թ. օգոստոսի 26-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի Վ.Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցը: 1994-2001թթ սովորել է Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժիններում` Գ.Չթչյանի դասարանում: 2001-04թթ սովորել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի կոմպոզիցիայի բաժնում, 2004-10թթ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ստանալով մագիստրոսի աստիճան: 1997թ., 1999թ. և 2000թ. դարձել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների մրցույթ-փառատոնի դափնեկիր: 2007թ. մասնակցել է «Հայսուպերսթար» հեռուստանախագծին: 2008թ. դարձել է «Ընծա» համահայկական մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակակիր: 2009թ-ից աշխատում է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես մեներգիչ: