«Ցեղասպանություն» երևույթի ընկալումն ու գնահատականները թևակոխում են ավելի վճռական փուլ. Գ. Սահակյան
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, դրանց ներքին և արտաքին արձագանքները ցույց տվեցին, որ «ցեղասպանություն» երևույթի ընկալումը և գնահատականները թևակոխում են իսկապես նոր, ավելի վճռական փուլ, որտեղ մենք ազգովի պարտավոր ենք ավելի միասնական և հաստատակամ լինել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքերով՝ հատկապես այս մի քանի օրերի ընթացքը ցույց տվեց, որ միասնական լինելու պարագայում կարող ենք մեծ ձեռքբերումների հասնել և ավելի մեծ ակնկալիքներ ունենալ:
«Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, բոլոր այն կամավորներին ու ծառայություններին, որոնց համատեղ ջանքերի ու գործունեության արդյունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն անցկացվեցին կազմակերպվածության, պատասխանատվության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով»,- ասաց Գ.Սահակյանը: