Գ. Գասպարյան. «Եվրատեսիլ» մրցույթում ունենալու ենք թվային, մինիմալիստական, բայց հայկական էլեմենտներով, շնչով բեմադրություն
«Եթե բեմում ունենք վեց հիանալի երգիչ, կոնկրետ ասելիք, հավատացած եղեք, այլ բաներ պետք չեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրատեսիլ» մրցույթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է լինելու բեմադրությունը:
Նա նշեց, որ ունենալու են թվային, մինիմալիստական, բայց հայկական էլեմենտներով, շնչով, գեղեցիկ, ոճային բեմադրություն:
«Մեր երգիչները կենտրոնանալու են իրենց երգեցողության վրա: Բարդ երգ է, փորձել ենք հնարավորինս նվազեցնել բարդ շարժումներն ու բարդ լուծումները: Այն ինչ պետք է անել, ասելիքը տեղ հասցնելն է»,- ասաց Գ. Գասպարյանը:
Նա ընդգծեց, որ բեմի վրա զգացվելու է Հայաստանի շունչը՝ «իսկ թե ինչպես, թողնում ենք մայիսի 19-ին»:
«Վստահ եմ՝ հիանալի շոու ենք ապահովելու Եվրատեսիլի համար»,- ասաց Գ. Գասպարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանն «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին այս տարի ներկայանում է նոր ձևավորված «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանի մասնակիցը համախմբում է թերթիկները: Եվրոպա աշխարհամասը ներկայացնում է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը, Հայաստանը՝ Ինգա Արշակյանը: Խումբը երգը կներկայացնեն «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո մայիսի 19-23-ը: Հայաստանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ մայիսի 19-ին երկրորդ համարի ներքո: