«Genealogy». «Բեմում լինելու ենք տասը միլիոնով, ոչ թե վեց հոգով»
«Նոր ճամփորդություն է, պատմության սկիզբն էր ինձ համար ներկայացնել Հայաստանը միջազգային մրցույթում»,-ասաց Հայաստանն «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին այս տարի ներկայանող «Genealogy» խմբի Եվրոպա աշխարհամասը ներկայացնող ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը:
Նա նշեց, որ Ֆրանսիայի կողմից երկու անգամ ստացել է հրավեր՝ մասնակցել մրցույթին, սակայն հրաժարվել է:
«Բեմում լինելու ենք տասը միլիոնով, ոչ թե վեց հոգով, քանի որ ներկայացնելու են ամբողջ հայությանը»,- ասաց Եսային:
Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանն էլ նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը. «Այս նախագծի կոնցեպտն այնքանով է հանճարեղ, որ միասին ներկայացնում ենք մեր արմատները, պատմությունը: Բոլորս ունենք մեր ճակատագրերը, բայց մեկ պատմություն»:
Հայաստանի ներկայացուցիչ Ինգա Արշակյանի խոսքով, մեծ ոգևորություն է ապրել, երբ մրցույթին մասնակցելու հրավեր է ստացել. «Մեծ աշխատանք ենք տանում հաջողության հասնելու համար»:
Ավստրալիա աշխարհամասից՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթին ասաց, որ երբ ստացել է նամակ, կարծել է օպերային մրցույթ է:
«Ուրախ էի, որ Եվրատեսիլ մրցույթն է: Մշտապես երազանք եմ ունեցել լինել Հայաստանում, ներկայացնել Հայաստանը համաշխարհային բեմերում: Ավստրալիայում իմ ուսուցչուհին Արաքս Մանսուրյանն է: Նա էլ էր ուզում, որ ես այցելեմ Հայաստան, իմանամ իմ արմատների մասին»,- պատմեց երգչուհին:
Մերի-Ջին ասաց, որ իր ընտանիքից առաջինն է, որ հնարավորություն է ստացել այցելել Հայաստան:
Ասուլիսին ներկա Աֆիկայից Վահե Թիլբյանը, Ասիայից՝ Ստեֆանի Թոփալյանը նույնպես նշեցին, որ իրենց համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը եվրոպական այդ մրցույթում: Վահեի խոսքով, իր համար շատ կարևոր էր կոնցեպտը, և առանց մեկ վայրկյան կասկածելու, համաձայնվել է, թեև սկզբում չի հավատացել, որ իրեն հրավիրում են Հայաստան՝ ներկայացնել երկիրը միջազգային մրցույթում:
Ստեֆանին ասաց, որ իր հայրն այսօր հպարտանում է, որ իր դուստերը հնարավորություն է ունեցել գալ Հայաստան:
«Շատ ոգևորված եմ, որ կարողացա գալ Հայաստան: Շատ եմ սիրում մարդկանց, նրանց կողմից ցուցաբերվող ջերմ ընդունելությունը, որը հիշեցնում է իմ ընտանիքի մասին»,- նշեց երգչուհին:
Նրանք բոլորը հույս ունեն, որ միասին կկարողանան Հայաստանին հաղթանակ բերել: Նրանք նշեցին, որ ամեն ինչ անում են Հայաստանը մրցույթում պատշաճ ներկայացնել համար:
Հիշեցնենք, որ Հայաստանն «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին այս տարի ներկայանում է նոր ձևավորված «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանի մասնակիցը համախմբում է թերթիկները: Եվրոպա աշխարհամասը ներկայացնում է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը, Հայաստանը՝ Ինգա Արշակյանը: Խումբը երգը կներկայացնեն «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո:
«Եվրատեսիլ» մրցույթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց, որ ընկերների օգնությամբ, համացանցի միջոցով են կարողացել հավաքել այս թիմը: Ինչ վերաբերում է Ինգա Արշակյանին, Գ. Գասպարյանն ասաց. «Մեր թիմը հենց սկիզբից միանշանակ կանգ առավ Ինգա Արշակյան հիանալի երգչուհու վրա: Նա կրողն է մեր հայկական մշակույթի, հայտնի է իր հայեցի երգերով: Հենց նա է այն մարդը, ով համախմբելու է այս հինգ աշխարհամասը»:
Գ. Գասպարյանի խոսքով, նախագիծն իր կոնցեպտով արդեն մեծ ասելիք ունի. «Ոգեշնչվել ենք երկու հանգամանքով՝ անմոռուկի և «Եվրատեսիլի» նշանաբան՝ «Կառուցել կամուրջներ»: Կարծես թե կառուցել ենք կամուրջներ այդ թերթիկների միջոցով»:
Մրցույթի մասնակիցները նաև ներկայացրեցին իրենց տատիկների, պապիկների պատմությունները, թե ինչպես են անցել գաղթի ճանապարհը, ինչպիսի դժվարություններ են հաղթահարել և ի վրեջո հանգրվանել այն երկրներում, որտեղ այժմ իրենք են ապրում:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո մայիսի 19-23-ը: Հայաստանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ մայիսի 19-ին երկրորդ համարի ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները