«Մեզ մոտենում էին հայտնի լրագրողներ, անցորդներ, զորակցում էին, լուսանկարվում». Իտալիայի հայ համայնքը կիսվում է արձագանքներով
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների շրջանակներում դեռ այս տարվա ապրիլի սկզբից Իտալիայում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ ու նախաձեռնություններ, որոնք էլ ավելի մեծ թափ ստացան ապրիլի 24-ին:
Մասնավորապես` առանցքային իրադարձություններից մեկը դարձավ Իտալիայի Սենատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի լռության րոպեն և Հայոց ցեղասպանության վերաբերյալ սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազի ելույթը:
Իրենց հնչեղությամբ առանձնացան նաև Հռոմում տեղի ունեցած քայլերթը, Միլանում Կարդինալ Անջելո Սկոլայի կողմից մատուցված պատարագը, Հռոմի քաղաքապետ Ինյասո Մարինոյի նախաձեռնությունը՝ Կոլիզեումի գիշերային արտաքին լուսավորության մարումը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան նաև Իտալիայի տարբեր նահանգներում և քաղաքներում, ինչպես օրինակ` Պադուա նահանգի համանուն քաղաքում, Բարի քաղաքում և այլ տեղերում:
Տեղի ունեցած միջոցառումների և դրանց վերաբերյալ իտալական հասարակության մեջ տեղ գտած արձագանքների մասին Panorama.am-ը զրուցեց իտալահայ համայնքի ներկայացուցիչների հետո, ովքեր ևս իրենց մասնակցությունն են ունեցել ոգեկոչման արարողությունների անցկացման գործում:
Ցեղասպանության 100 ամյակի Հռոմի կոմիտեի համակարգող Կևորկ Օրֆալյանի խոսքով` ապրիլի 24-ի հիշատակման միջոցառումը, որը կայացավ Հռոմում Հայոց Ցեղասպանության ճանաչման միջոցառումների շրջանակում ունեցավ շատ կարևոր նշանակություն, քանզի աշխարհին ցույց տվեց, որ տարիները չեն ամոքել հայերի ցավը:
«Միջոցառումը, սկսած կազմակերպչական աշխատանքներից, տարբերվում էր նրանով, որ վերջինս իր շուրջ կարողացավ հավաքել բոլոր կազմակերպություններին Հռոմի և Լացիոյի Հայ Համայնքի Միությանն ու Հռոմի Հայերի Խորհրդին, որպեսզի բոլորին, այդ թվում թուրքերին ցույց տանք, որ այս հարցում մենք միասնական ենք: Միջոցառումը անցավ նախատեսվածից մեծ չափով, քանի որ հայ համայնքը Հռոմում այնքան մեծաթիվ չէ, սակայն ամբողջ Իտալիայից հայերը միացան, ինչն իսկապես շատ գովելի է: Սպասվածից գրեթե երկու անգամ ավել մարդ մասնակցեց քայլերթին: Առանձնահատուկ շնորհակալություն հայտնվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապին, ով ոչ միայն Ցեղասպանություն կոչեց հայերի ջարդը, այլ նաև պատմական մութ էջերին նոր լույս հաղորդեց, ինչն էլ անխոս բեկումնային եղավ մեզ համար»,- ասաց Կևորկ Օրֆալյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ նախատեսված է եղել նաև բողոքի երթ դեպի Թուրքիայի դեսպանատուն, սակայն երթը տեղի չի ունեցել, քանի որ քաղաքային իշխանությունները, սադրանքից զերծ մնալու համար, որոշել են երթ անցկացնելու թույլտվություն չտալ:
Օրֆալյանը նկատում է, որ թեև վարչապետ Ռենցիի կառավարությունը տուրք տալով Թուրքիայի հետ տնտեսական կապերին, ԱՄՆ նախագահի նման չհնչեցրեց Ցեղասպանություն եզրույթը, սակայն վեր բարձրացվեցին բազմաթի ցուցանակներ, որոնք բոլորին խորհուրդ տվեցին առերեսվել իրականության հետ:
«Հարյուրամյակի նմանատիպ միջոցառման իրականացումն իսկապես կարելի է համարել պատմական, որովհետև մի քանի տասնամյակ նման մասշտաբների միջոցառում չէր իրականացվել»,- մեզ հետ զրույցում նշեց Հռոմի և Լացիոյի Հայ Համայնքի Միության նախագահ Անուշ Թոռունյանը:
Վերջինիս խոսքով` ոգեկոչման արարողությունները նպատակ ունեին իտալական քաղաքացիական և կրոնական հասարակությանը, մտավորականությանը, ինչպես նաև տարբեր միություններին ներկայացնել Հայոց ցեղասպանության թեման, և այդ կերպ նրանց ևս ներառել ցեղասպանությունների` որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության, դեմ պայքարի գործում:
«Շատ մեծ էր արձագանքը, քսանից ավելի կազմակերպություններ ցանկություն հայտնեցին միանալ: Հաշվի առնելով, որ պատմականորեն Հռոմը կոսմոպոլիտ քաղաք է, միջոցառումն ավելի կարևոր դեր էր ստանձնում և այդ կարևոր օրը մեզ հետ էին տարբեր համայքների ներկայացուցիչներ Տիբեթից, Ուկրաինայից, Հնդկաստանից, քրդերի միությունից, Մոլդովայից, Պակիստանից և մի շարք այլ քաղաքացիական կազմակերպություններից»,- ասաց Անուշ Թոռունյանը:
Միջոցառման կարևոր արդյունքներից մեկն էլ, ըստ Թոռունյանի, այն էր, որ թույլ տվեց հայ հայնքին իրեն ավելի միավորված ու միասնական զգալ, ինչն էլ իր հերթին շատ կարևոր է ազգային արժեքների պահպանման տեսանկյունից:
Հայ Համայքնի Լացիոյի երիտասարդական թևի պատասխանատու Դավիթ Պիպոյանը նույնպես մեզ հետ զրույցում, նշեց, որ Հռոմում կազմակերպված միջոցառումները իրենց խորհուրդով բացառիկ էին:
«Հռումում, որտեղ ապրում են աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր գաղափար չունեն Հայաստանի և հայ ազգի մասին, ուր հաճախում են հազարավոր տուրիստներ, կենտրոնական հատվածում ծածանվող հայկական դրոշները գրավում էին բոլորի ուշադրությունը՝ դեռ մինչև միջոցառման սկիզբը: Մեզ մոտենում էին հայտնի լրագրողներ, անծանոթ մարդիկ, ովքեր ոչ միայն զորակցում էին, այլ նաև ցանկանում մեզ հետ նկարվել՝ ի ցույց մեր ցավը կիսելու, որովհետև իրենցից շատերն էլ իրազեկ չէին»,- ասաց Պիպոյանը:
Վերջինիս փոխանցմամբ` միջոցառումները լայն արձագանք էին գտել իտալական հասարակության ներսում և նույնիսկ համացանցի իտալացի օգտատերերի սոցիալական էջերում կարելի էր տեսնել ոգեկոչման միջոցառումների լուսանկարներ և այդ կապակցությամբ արված գրառումներ:
Պիպոյանի խոսքով` այս միջոցառումները կարևոր էին նաև տեղեկատվության տարածման տեսանկյունից, քանի որ տարբեր հարթակներ օգտագործելով Թուրքիան ապատեղակատվություն է տարածում:
«Մեր միջոցառումը կոչվում էր հիշատակի, սակայն այն պարունակում էր միաժամանակ բողոք ոչ թե որևէ ազգի դեմ, այլ հանուն ճշմարտության: Բողոքի նոտա հղվեց նաև բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր ջայլամային քաղաքականություն են իրականացնում՝ ելնելով աշխարհաքաղաքական շահերից: Եվ, իհարկե, ամենակարևոր տարրը, որն ըստ իս ապահովեց երեկվա միջոցառումը, դա տեղեկատվությունն էր, որ շատ արագ հասանելի դարձավ շատերին: Ժամանակակից պատերազմները տեղեկատվական բնույթ ունեն, ուրեմն հանգիստ սրտով կարող ենք հայտարարել, որ երեկ մենք ունեցանք բացառիկ հաղթանակ, ավելին, թշնամին կրեց ջախջախիչ պարտություն, ինչը նկատեցի նաև տուն վերադառնալիս, երբ հանդիպեցի իմ ծանոթ թուրքերին»,- նշեց Պիպոյանը:
Վերջինիս խոսքով` իր թուրք ծանոթները ազդվել էին այն հանգամանքից, որ համացանցում իրենց մարդասպաններ են անվանել:
Նման բնորոշումներից խուսափելու համար Պիպոյանը խորհուրդ է տվել թուրք ծանոթներին` մասնակցել ոգեկոչման արարողություններին, քանզի միայն ժխտողական կեցվածքը նրանց ոչնչով չի տարբերի Ցեղասպանությունը իրագործողներից:
«Ուզում եմ խոսքս ուղղել բոլոր հայերին, մասնավորապես` երիտասարդներին, նրանցից շատերին թվում է, որ ուժը մեծության և հարստության մեջ է, Թուրքիան էլ այդպես սխալվեց: Հայի ուժի իր ստեղծած արժեքի մեջ է, որը պետք է պահել և պահպանել, ուր էլ լինեք, պետք է հիշենք, որ մենք՝ հայերս, առաջինն էինք այս աշխարհում, որ քայլ կատարեցինք դեպի քաղաքակիրթ աշխարհ՝ ստեղծելով հավերաժական արժեքներ՝ հանուն Աստծո և Բարության: Հիշեք, որ այդ արժեքների շնորհիվ է պահպանվել մեր ազգը»,-նշեց Պիպոյանը:
Նախորդիվ `
Լռություն՝ Սենատում, պատարագ՝ Միլանում, քայլերթ՝ Հռոմում. իտալական մամուլի անդրադարձը