Համաշխարհային պրեմիերա` «Քրոնոս» լեգենդար քառյակի երևանյան համերգի ժամանակ
Ապրիլի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում ելույթ է ունենալու լեգենդար «Քրոնոս» քառյակը: Այս մասին տեղեկացնում են փառատոնի լրատական ծառայությունից:
Մասնագետների գնահատմամբ, համաշխարհային լարային քառյակների պատմության մեջ, «Քրոնոս» իրենից ներկայացնում է այլ ուղղություն և որակ: «Քրոնոսը» ցանկալի հյուր է աշխարհի ցանկացած փառատոնի համար, և հատկանշական է, որ այն իր վերաբերմունքն է արտահայտելու Հայոց ցեղասպանության կապակցությամբ: «Քրոնոսը» նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մարի Կույոմջյանին, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա երևանյան համերգի ժամանակ:
Քառյակի մասին
Արդեն ավելի քան 40 տարի է, ինչ «Քրոնոս» քառյակը (Դեյվիդ Հարինգթոն՝ ջութակ, Ջոն Շերբա՝ ջութակ, Հենք Դաթ՝ ալտ և Սանի Յանգ՝ թավջութակ) որդեգրել է մի եզակի գեղարվեստական տեսլական՝ խիզախ, հետազոտական ոգին համատեղելով լարային հանձնառության հետ։ Այս տարիներին «Քրոնոսը» դարձել է մեր ժամանակի ամենից հայտնի և ազդեցիկ խմբերից մեկը, հազարավոր համերգներով հանդես եկել ամբողջ աշխարհում, կատարել արտասովոր լայն ընդգրկում և ստեղծագործականություն ունեցող ավելի քան 50 ձայնագրություն, համագործակցել աշխարհի առավել հետաքրքրական և փորձառու երգահանների և կատարողների հետ, նվագել ավելի քան 800 ստեղծագործություն և լարային քառյակի փոխադրություն։ 2011-ին «Քրոնոսը» դարձավ երաժիշտներին տրվող երկու ամենահեղինակավոր մրցանակների՝ «Փոլարի» և «Ավերի Ֆիշերի» դափնեկիրներ։ Խմբի բազմաթիվ մրցանակները ներառում են նաև «Գրեմի»՝ լավագույն կամերային երաժշտության կատարման (2004) և «Երաժշտական Ամերիկա» հանդեսի կողմից տրվող «Տարվա երաժիշտներ» պարգևը (2003)։
«Քրոնոսի» «արկածախնդիր» մոտեցումը դրսևորվել է դեռևս համույթի ծննդյան տարում։ 1973-ին Դեյվիդ Հարինգթոնը ոգեշնչվել է՝ հիմնելու «Քրոնոսը», երբ լսել է Ջորջ Քրամբի՝ Վիետնամի պատերազմից ոգեշնչված բավականաչափ յուրատիպ «Սև Հրեշտակները» ստեղծագործությունով, որը հիմնված է խոսքային անցումներով և էլեկտրոնային էֆեկտներով։ Այնուհետև «Քրոնոսը» սկսել է ձևավորել լարային քառյակի համար բավական բազմազան մի երկացանկ՝ կատարելով և ձայնագրելով 20-րդ դարի վարպետների (Բարտոկ, Վեբեռն, Շնիտկե), ժամանակակից կոմպոզիտորների (Ջոն Ադամս, Օսվալդո Գոլիխով, Ալեքսանդրա Վրեբալով), ջազ լեգենդների (Օռնետ Կոլման, Չարլզ Մինգուս, Թելոնիուս Մոնք), ռոք արտիստների (կիթառի լեգենդ Ջիմի Հենդրիքս, բրազիլացի էլեկտրոնիկայի արվեստագետ Ամոն Տոբին) և ժանրային սահմանման չենթարկվող մի շարք արվեստագետների ստեղծագործությունները։
«Քրոնոսի» աշխատանքից անբաժանելի է երկարատև, խորը համագործակցությունը աշխարհի մեծագույն կոմպոզիտորներից շատերի՝ «մինիմալիզմի հայր» Թերի Ռիլիի, լեհ երգահան Հենրիկ Գորեցկիի, Ֆիլիպ Գլասի, Սթիվ Ռայխի և այլոց հետ։
Կոմպոզիտորներից բացի «Քրոնոսի» հետ համագործակցել են բազմաթիվ երաժիշտ կատարողներ ամբողջ աշխարհից: «Քրոնոսի» կատարումները հնչել են նաև մի շարք ֆիլմերում: Ամեն տարի քառյակը համերգներով հանդես է գալիս աշխարհի մեծագույն համերգասրահներում, ակումբներում և փառատոներում, «Քարնեգի» համերգասրահում, Լոնդոնի «Բարբիքան», Սիդնեյի օպերայում և այլ հայտնի բեմերում։ Բացի համերգներով հանդես եկող և ձայնագրող համույթ լինելուց՝ քառյակը հավատարիմ է նոր ասպարեզ իջած երաժիշտ կատարողների և կոմպոզիտորներին իրենց դերին ուղղորդելու գործընթացում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները