ԱՄՆ նախագահի պահվածքը ցույց չի տալիս, որ նա գերտերության առաջնորդ է. Լ. Ալավերդյան
«Վերջապես մեր իշխանությունները կարողացան մի գործ գլուխ բերել: Եթե ուզում ենք, անում ենք: Սա վերաբերում է ոչ միայն միջոցառման կազմակերպվածությանը, այլ նաև մարդկանց կազմակերպվածությանը»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ նման դիտարկում արեց «Ընդդեմ իրավական կամայականություն» ՀԿ գործադիր նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքերով՝ հատկապես ուրախալի է այն, որ Հայաստանում ներկա գտնվեցին Ցեղասպանության հարցն ուսումնասիրող բազմաթիվ մասնագետներ՝ իրավաբաններ, ցեղասպանագետներ, պատմաբաններ:
«Կարևոր է նաև այն, որ հայկական և միջազգային հանրությունը, անդրադարռնալով Հայոց ցեղասպանության խնդրին, փաստեցին, որ նման ցեղասպանություններ եղել են Դարֆուրում, Ուգանդայում: Լավ է, որ չեն մոռանում այս բոլոր երկրների անունները, սակայն ինչո՞ւ հատկապես հայկական գիտական շրջանակներում չեն խոսում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության մասին»,-նշեց Լ. Ալավերդյանը:
Ըստ նրա՝ գուցե հայ գիտնականները կամ մասնագետներն ուղղակի նույնացնում են Ադրբեջան և Թուրքիա պետությունները, սակայն պետք է հասկանալ, որ Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիային չպատկանող տարածքներում շարունակելու համար:
«Ցեղասպանության ճանաչումը պետք է հանգեցնի սահմանի ապաշրջափակմանը, Թուրքիան, միջազգային կոնվենցիաների համաձայն, պետք է ապահովի ելք` դեպի ծով: Պետք է լինի նաև քրիստոնեական եկեղեցիների գույքի վերադարձ»,- ասաց բանախոսը:
Վերջում «Ընդդեմ իրավական կամայականություն» ՀԿ գործադիր նախագահը նշեց, որ Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառը կրկին չարտասանելը փաստեց, որ ԱՄՆ նախագահի պահվածքը ցույց չի տալիս, որ նա գերտերության առաջնորդ է: