LA Times. Ինչո՞ւ Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրը չի լուծվում
«Թուրքիային բնորոշ է սպառնալիքներ տեղալը, երբ որևէ երկիր 1915թ-ի կոտորածնհերը որակում է Ցեղասպանություն, սակայն երբեք իր հարաբերությունները չի խզում նրանց հետ»,- «The Los Angeles Times» պարբերականի հետ զրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ-ի կոնգրեսի սենատոր Ադամ Շիֆֆը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի խնդիրներին վերաբերող հոդվածում ամերիկյան պարբերականն անդրադարձել է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրության տարածքում հարյուր հազարավոր հայերի սպանության առնչությամբ` նկատելով, որ, այնուամենայնիվ, 2 տասնյակ երկրներ այդ իրադարձությունները որակել են որպես Ցեղասպանություն, որոնց թվում են Ֆրանսիան, Կանադան և Ռուսաստանը, մինչդեռ ԱՄՆ-ը, Իսրայելը կամ Մեծ Բրիտանիան չկան այդ ցանկում:
Հոդվածագիրը նշում է, որ 2000թ-ին Քլինթոնի վարչակազմը մերժեց հավանություն տալ Ցեղասպանության ճանաչման նախագծին` համարելով, որ դա կվնասի Բալկաններում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի շահերին, իսկ 2007-ին Ջորջ Բուշ Կրտսերը սենատոր Շիֆֆի համանման առաջարկությունը մերժեց` պատճառաբանելով, որ դա կխոչընդոտի ահաբեկչության դեմ պայքարին:
Անդրադառնալով օրեր առաջ Օբամայի կողմից հերթական անգամ իր նախընտրական խոստումը չկատարելուն և Ցեղասպանություն բառը չարտասանելուն` պարբերականը մեջբերում է ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի հայտարարությունն այն մասին, որ թուրքական լոբբիստական կազմակերպությունները վերջին տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ են ծախսել ամերիկյան պաշտոնյաներին համոզելու համար, որպեսզի նրանք դեմ արտահայտվեն Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցին և դա դիտարկեն որպես սպառնալիք թուրք-ամերիկյան հարաբերությունների համար:
Պարբերականը նշում է, որ Թուրքիայի և «Gephard Group Government Affairs» ընկերության ղեկավար նախկին սենատոր Դիք Գեփարդի միջև վերջերս կնքված պայմանագիրը նախատեսում է մինչև 2014թ-ը ամսեկան 26 հազար դոլար վճարել իրավաբանական մի ընկերության, որպեսզի վերջինս ամերիկյան պաշտոնյաներին «Թուրքիայի հետ բարեկամության մասին դասեր տա»:
Ըստ «The Los Angeles Times»-ի` 2007թ-ին Թուրքիան հոգացել է իր լոբբիստների հարյուրավոր ֆաքսերի և տասնյակ հեռախոսազանգերի ծախսերը` ուղղված Ամերիկայի ընտրովի և նշանակովի պաշտոնյաներին, որոնցով այդ բարձրաստիճան պաշտոնյաներին զգուշացրել են այն հետևանքների մասին, որոնք կարող էին լինել, եթե Շիֆֆի նախատեսած Ցեղասպանության մասին բանաձևը հաստատվեր Կոնգրեսում: Նույն թվականին լոբբիստական խումբը նաև Թուրքիայի անունից ներդրում ունեցավ ամերիկյան քաղաքական գործիչների նախընտրական արշավներում:
Ըստ Ադամ Շիֆֆի, ով բազմիցս հանդես է եկել Ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնություններով` ամեն անգամ ԱՄՆ-ում տարբեր պատճառաբանություններ են բերվում, թե իբր Ցեղասպանության խնդրի քննարկման համար պատեհ ժամանակ չէ: Մի դեպքում դա Իրաքի խնդրում Թուրքիայի աջակցության կարևորությունն է, մյուս անգամ դա կարող է լինել կարևոր ավիաբազաների հասանելիության անհրաժեշտությունը, երրորդ դեպքում էլ ԱՄՆ-ն ուղղակի կորոշի հրաժարվել հարցի քննարկումից` հիմնավորելով, թե չի ցանկանում խոչընդոտել հայ-թուրքական հաշտեցման գործընթացին:
«Ամեն անգամ այդ պատճառաբանությունները հայտնվում են, երբ Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը դրվում է կոնգրեսի սեղանին, սակայն անմիջապես անհետանում են, երբ հարցը հերթական անգամ փակվում է»,-նշել է Շիֆֆը:
Գոդվածում նշվում է Հայոց Ցեղասպանության հիմնախնդրով մասնագիտացված, Մասաչուսեթսի համալսարանի պատմության պրոֆեսոր, ազգությամբ թուրք Թաներ Ակչամի միտքը, ըստ որի` «Սա ոչ թե «Ցեղասպանություն» տերմինի հարց է, այլ խնդիր առ այն, որ Թուրքիան հրաժարվում է ընդունել, որ այդ հանցագործությունը կատարվել է կոնկրետ հայերի հանդեպ, և որ այն պետք է բնորոշել որպես Ցեղասպանություն»:
Ըստ Ակչամի` ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը երկու նշանակալից հետևանք կունենա: Նախ կաճի ճնշումը Թուրքիայի վրա` հրաժարվելու ժխտողական քաղաքականությունից, և հետո կբացվեն դռները փոխհատուցում պահանջելու համար:
«Անկարան կարող է 2 ամսով հետ կանչել իր դեսպաններին տարբեր երկրներից, իսկ հետո՞: Դա Թուրքիային ավելի կմեկուսացնի աշխարհից, ինչին երկիրը ուղղակի չի դիմանա: Ես անձնապես կարծում եմ, որ Թուրքիան չի կարող հավերժ ժխտել պատմական իրողությունը, նա չունի այդքան լծակներ: Այդուհանդերձ, ամերիկյան պաշտոնյաներն ավելի շատ առավելություն տեսնում են Ցեղասպանությունը չճանաչելու մեջ, քանի որ այն «ոսկե փամփուշտ» է, որը կարելի է միայն մեկ անգամ կրակել, ուստի նրանք գերադասում են խաղալ այս հարցի վրա` Թուրքիային «առաջարկելով բարեկամություն»,-եզրափակել է Ակչամը: