ՌԴ ազգագրության թանգարանում կներկայացվեն հայկական եզակի ցուցանմուշներ՝ Միլլերի հավաքածուից
Այսօր, Ռուսաստանի ազգագրության թանգարանում (Սանկտ Պետերբուրգ) կբացվի «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցահանդեսը և կկայանա «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» պատկերագրքի շնորհանդեսը:
Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսը և կատալոգի շնորհանդեսն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, Ռուսաստանի ազգագրության թանգարանի, «Հայ ոսկերիչների հիմնադրամի» աջակցությամբ:
Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կներկայացվեն Ռուսաստանի ազգագրության թանգարանում պահվող հայկական հարուստ հավաքածուի եզակի ցուցանմուշները` Միլլերի հավաքածուից: Ցուցահանդեսը բաղկացած է «Արհեստագործական գործիքներ», «Հայ զինագործների, երկաթագործների, ոսկերիչների և ջուլհակների աշխատանքների ցուցանմուշներ» և «Հայկական հազվագյուտ ավանդական երաժշտական գործիքներ» թեմատիկ բաժիններից: Ցուցադրության բաժիններից մեկը կներկայացնի Հայաստանի տարբեր շրջանների ավանդական տարազները: Հայկական մշակույթը ներկայացված է նաև արժեքավոր լուսանկարչական նյութերով: Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայոց հոգևոր մշակույթի` քրիստոնեության բաժինը:
«Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» կատալոգում ներկայացված է ռուս անվանի ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի կողմից 1916 թ. հավաքագրված` Վանի և Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավաքածուն:
Հիշեցնենք, որ ս. թ. մարտի 9-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանին՝ քննարկելու 2015 թվականի ընթացքում Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Հայաստանում` հայտնի ռուս ազգագրագետ Ա. Ա. Միլլերի հավաքածուի հիման վրա ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները: Վերոնշյալ ցուցահանդեսի կազմակերպումն ամրագրվել էր 2014 թվականի դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի և ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկու ստորագրած «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության միջև 2015 թ. մշակութային համագործակցության մասին» աշխատանքային ծրագրով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում