Նուրսուլթան Նազարբաևը վերընտրվել է Ղազախստանի նախագահի պաշտոնում
Ապրիլի 26-ին Ղազախստանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հինգերորդ անգամ անընդմեջ հաղթանակ է տոնել 1991 թ-ից երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Լենտա.ռու» կայքը, վկայում են Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյաները։
Տեղեկատվության համաձայն, Նազարբաևի օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած ազգաբնակչության 97,7 տոկոսը։
Կոմունիստ Տուրգուն Սիզդիկովը և ինքնաառաջադրված Աբելղազի Քուսաինովը ստացել են ձայների համապատասխանաբար 1,6 և 0,7 տոկոսը։
Նախագահական ընտրություններին ազգաբնակչության մասնակցությունը կազմել է 95,22 տոկոս։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվի արձանագրությունների ամբողջական մշակումից հետո։ Երկրի օրենսդրության համաձայն, դա կարող է լինել ոչ ուշ, քան մայիսի 3-ը։
Նուրսուլթան Նազարբաևն արդեն երախտագիտություն է հայտնել ընտրողներին և խոստացել «աշխատել կրկնակի եռանդով» ու «Ղազախստանը դասել աշխարհի 30 զարգացած երկրների թվին»։