Հայաստանի խորհրդարանը հարգեց Նեպալի երկրաշարժի զոհերի հիշատակը
Այսօր Ազգային ժողովում քառօրյա նիստերի մեկնարկին ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը ԱԺ-ին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Նեպալում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվածների հիշատակը:
«Բոլորս ենք հասկանում, թե դա ինչ արհավիրք է այդ երկրի ժողովրդի համար, քանի որ մեր ժողովուրդն էլ է այդպիսի արհավիրք ապրել», -դիմելով ԱԺ նախագահությանը, հայտարարեց Հակոբյանը
ԱԺ նախագահը ընդունեց առաջարկը, և խորհրդարանականները ոտքի կանգնելով մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Նշենք, որ ապրիլի 25-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 28.330 և արևելյան երկայնության 84.750:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 10 բալ: Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3218-ի: