Հայկական կողմը շատ լավ էր պատրաստվել, և թուրքերն այդպես էլ չկարողացան խոչընդոտել. Ս.Մարտիրոսյան (տեսանյութ)
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին ընդառաջ՝ հայկական կողմը բավական լավ էր պատրաստվել՝ դիմագրավելու թուրք-ադրբեջանական կիբեր հարձակումներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում թուրքական և ադրբեջանական հաքերների կողմից իրականացրած կիբերհարձակումներին:
«Հայկական կողմը նույնիսկ չափից շատ լավ էր պատրաստվել, մեր կողմից պաշտպանությունը շատ լուրջ էր կազմակերպված, քանի որ բոլորը սպասում էին նման հարձակումների: Տեղեկատվական հիմնական կայքերը լուրջ պաշտպանված էին և թուրքերն այդպես էլ չկարողացան խոչընդոտել մեր տեղեկատվական հոսքերը»,- ասաց Ս.Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ հաքերային հարձակումների ընթացքում 250 կայք են կոտրվել, սակայն դրանցից ոչ բոլորն էին հայկական և ոչ այնքան նշանակալի կայքեր էին:
Ինչ վերաբերում է DDOS հարձակումներն, ապա Ս.Մարտիրոյանն ասաց, որ ամենալուրջ հարձակումը կատարվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող կայքի վրա:
Նա միաժամանակ նշեց, որ հայկական հաքերային խմբերն այս անգամ բավական ագրեսիվ էին գործում:
«Մեզ զուգահեռ՝ բավական լուրջ էր աշխատում նաև մի սերբական հաքերային կազմակերպություն: Միջազգային կայքերը ևս հայանպաստ դիրքերում էին, իսկ ահա թուրքական քարոզչությունը բավականին ճգնաժամային վիճակում էր հայտնվել: Ընդհանուր առմամբ, մենք համացանցում այլևս վիճելու խնդիր չունենք, այնինչ մի քանի տարի առաջ խնդիր ունեինք ապացուցելու, որ 1915-ին Ցեղասպանություն է տեղի ունեցել: Սառույցը կոտրվել է: Մենք այժմ խնդիր ունենք ցույց տալու միջազգային հանրությանը, որ պետք է ճանաչել անվիճելի պատմական իրողությունը»,- ասաց բանախոսը:
Ս. Մարտիրոսյանը նաև նշեց, որ Google-ում «Որտեղ է Հայաստանը», «Հայոց ցեղասպանություն» բանալի բառերով որոնումներն այս օրերին ավելացել են 2-4 անգամ:
«Twitter-ում ևս Հայոց ցեղասպանության թեման այս օրերին թոփ թեմաների մեջ էր»,- ընդգծեց նա: