Դամասկոսում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի հիմնաքարը
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հովանու ներքո Դամասկոսի Հին քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի հիմնաքարը: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական Sana գործակալությունը:
Հուշակոթողը, որը նվիրված է 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին, կառուցվելու է Բաբ Շարկի թաղամասում` Հայ առաքելական եկեղեցու մոտ:
Հիմնաքարի տեղադրման միջոցառմանը մասնակցել են Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը, Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, Ասորի Ուղղափառ եկեղեցու պետ և համայն Արևելքի պատրիարք Մորան Մոր Իգնատիոս Եփրեմ Երկրորդը, քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ, Դամասկոսի քաղաքապետ Բիշր Ալ-Շաբանը, մուսուլման գիտնականներ, Էկոլոգիայի հարցերով նախարար Նազիրա Սարգիսը, ինչպես նաև խորհրդարանի մի շարք անդամներ ու հայ համայնքի ներկայացուցիչներ: