«Այդ աղբը երբ նայում ես, ֆիզիկական ցավ ես զգում». Արամ Մանուկյանը՝ մայրենի լեզվի անաղարտության մասին
«Լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլև այն ինքնությունն է, անկախությունն է, բնավորությունն է, ազգային հպարտությունն ու արժանապատվությունն է: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում պետական կառույցները, պաշտոնյաներն ու հեռուստաընկերություններն անընդհատ ոտնահարում են մայրենի լեզուն:
«Ոչ միայն լավանում, այլ տարբեր պետական ձեռնարկություններում վատանում է հայերենի վիճակը, գնալով այս գործընթացը ավելի վատ ձևեր է ընդունում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ավելի շատ այս խնդիրը վերաբերում է պաշտոնյաներին, որոնք խորհրդարանում միմյանց դիմում են հայրանունով, ինչը սխալ է:
«Քանի անգամ եմ ասել՝ «իչ»-ով մի՛ դիմեք խորհրդարանում, ես չգիտեմ, թե այդ ավանդույթը որտեղից եկավ այստեղ: Հայի ազգանունը ունի այնքան լավ ինֆորմացիա իր մեջ, դա ազգն է, տոհմն է, ընտանիքն է, իր ծագումնաբանությունն է; Այս հրաշք ազգանունը թողած ինչի՞ եք «իչ»-ով դիմում, դուք դրանով վիրավորում եք տվյալ մարդուն, ում դիմում եք «իչ»-ով»,-ասաց Ա.Մանուկյանը:
ՀԱԿ պատգամավորի խոսքով եթերային լեզուն ոչ միայն գրական չէ, այլև սխալները շատ են:
«Բաց լուսամուտներ նայեք, սերիալներ նայեք: Այդ աղբը երբ նայում ես, ֆիզիկական ցավ ես զգում: Մենք պետք է պայքարենք, ուրիշը չի պայքարելու: «Что, где, когда» եք խաղում, լավ եք անում, ինչո՞ւ եք այլազգի հաղորդումը եթեր տալիս, կրթության և գիտության նախարարն ի՞նչ իրավունք ունի եթերում խոսելու ռուսերեն, երբ օրենք կա՝ Հայաստանում հեռուստատեսության լեզուն հայերենն է»,- նշեց Արամ Մանուկյանը: