Ինչպե՞ս և ո՞վ է որոշում բժշկի որակը. Մուրադյան-Բագրատյան բանավեճ ԱԺ-ում
Այսօր Ազգային ժողովում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ է արդյոք այսպիսի օրենք ընդունելը, որով որոշում են բժիշկների որակավորումը, սերտիֆիկատ տալ-չտալը:
«Բա ո՞ւր մնաց շուկան: Ինչպե՞ս պետք է արտահայտվի սպառողի կողմից բժշկական որակի փաստումը: Սա այն դեպքում, երբ սպառողը պետք է լինի թիվ մեկ գնահատողը»,- հարցը լրացրեց պատգամավորը:
Նախարարն ի պատասխան ասաց, որ սպառողի կարծիքը շատ կարևոր է որակի գնահատման հարցում, բայց կա նվազագույն շեմ, որը պետք է ապահովի պետությունը:
«Սպառողն այդ օգնությունը գնահատում է հուզական դաշտում: Նման օրենքի ընդունումը կարող է օգնել թվայնացված նվազագույն բժշկական որակավորման հնարավորությունը», -հավելեց նախարարը՝ ընդգծելով, որ շատ եվրոպական երկրներում նման նախադեպ կա և կիրառվում է արդեն մի քանի տասնյակ տարի:
Նշենք, որ այդ փոփոխությամբ, ավագ բուժաշխատողը պետք է հավաքի 220 կրեդիտային միավոր՝ վերապատրաստումների, գործուղումների և որ ամենակարևորն է ինքնակրթության միջոցով: Այդ պարագայում միայն տվյալ բժշկին թուլ կտրվի աշխատել համակարգում:
Հրանտ Բագրատյանն արձագանքելիս նախ ասաց, որ նախարարը չի պատասխանել իր հարցին ու փորձեց խոսել ավելի պատկերավոր՝ բերելով կենցաղային հասարակ մի օրինակ. «Օրինակ՝ դուք եկել եք մեր տուն ու ասենք՝ վերանորոգում եք իմ կռանթը, սակայն լավ չեք վերանորոգում՝ ջուրը ծորում է, սակայն ասում եք՝ բան չկա, կարևորը վերանորոգողը լավ աշխատող ա, սերտիֆիկատ ունի: Բայց իմ կարծիքը մնում ա չէ՞. լավ չեք վերանորոգել, չեմ ուզում էդ փողը տամ: Ես սա էի Ձեզ հարցնում»:
Նախարարն իր պատասխանի ժամանակ կոռեկտ չհամարեց ջրի ծորակի հետ համեմատությունը: «Բժշկագիտության մեջ մասնագիտական կրթություն ունեցողը անհամեմատ ավելի մեծ կրթական ու ինֆորմացիոն դաշտի է տիրապետում: Այն պնդումը, թե սպառողն է միանշանակ գնահատում որակը, ես չեմ կիսում: Ես կարծում եմ, որ որակի նվազագույն շեմը դնում էպետությունը: Բուժհիմնարկ կամ բժշկին դիմելիս պետք է վստահությամբ լցված լինեք»:
Հարակից հրապարակում՝
Առաջարկվում է Հայաստանում ներդնել բուժաշխատողների հավաստագրման համակարգ
«Խմեք Հայաստանի դեղատների «Նուրոֆենն» ու ձեր գլխացավը կկրկնապատկվի, խմեք Եվրոպայի դեղատներինը, անմիջապես գլխացավը կանցնի»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները