Բրազիլացի ուսանողը սկսել է հայոց պատմություն ուսումնասիրել «System of a Down» խմբի երգերը լսելուց հետո
Բրազիլայի Սան Պաուլոյի պետական համալսարանի ուսանող Հեյտոր Լուրեյրոն սկսել է հայկական պատմություն ուսումնասիրել «System of a Down» խմբի երգերը լսելուց հետո: Ուսումնասիրությունները սկսել է 2005 թվականից: Այժմ նա Հայաստանում է, պետք է զեկույցով հանդես գա Մատենադարանում այսօր մեկնարկած «Վերապրած մշակույթ» խորագրով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի ժամանակ:
Նշենք, որ գիտաժողովը մենկնարկել է այսօր, կշարունակվի նաև վաղը: Գիտաժողովի ընթացքում ներկայացվող զեկուցումները վերաբերում են Հայոց ցեղասպանությանը` առանձնահատուկ շեշտելով ցեղասպանության հետևանքով հայերեն ձեռագիր մշակույթի կորուստները և հայ ձեռագրական ժառանգությանն առնչվող նյութեր:
««System of a Down» խմբի երգերը լսելուց հետո սկսեցի ծանոթանալ հայկական պատմությանը, հատկապես ուսումնասիրել Ցեղասպանության թեման: Քանի որ Բրազիլիայում որևէ հայ ծանոթ չունեի, ինքնուրույն էի ամեն ինչ անում, հետո սկսեցի կապեր հաստատել հայերի հետ»,- լրագրողների հետ զույցում պատմեց Հեյտոր Լուրեյրոն:
Նա նշեց, որ հիմնականում ուսումնասիրում է հայ-բրազիլական հարաբերությունները: Գիտաժողովին ներկայացնելու է «Հայոց ցեղասպանությունը Բրազիլիայում ապրող հայ մտավորականի հոդվածներում» խորագրով զեկույց, որը կազմել է բրազիլացի, նաև ծագումով ֆրանսիացի լրագրողների հոդվածների հիման վրա:
Բրազիլացի ուսանողի խոսքով, որոշ չափով ծանոթ է նաև Կիլիկիան Հայաստանի մշակույթին, քանի որ Բրազիլիայում բնակվող հայերը հիմնականում Կիլիկիայից գաղթածներն են: Հեյտոր Լուրեյրոնի խոսքով, սփյուռքահայերը և հայաստանցի հայերը տարբեր են, սակայն դեռևս չի հասցրել պարզել՝ ավելի լավն են, թե ավելի վատն են: «Այս երկու շաբաթ, ինչ Երևանում եմ, շատ լավ եմ ինձ զգում»,- ասաց նա: