Ճշմարիտյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները չեն դադարում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ամիսներ շարունակ նախապատրաստված և քննարկված Ցեղասպանության 100-ամյա տարելիցն արդեն իրողություն է: Միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած 4 երկրների նախագահներին ապրիլի 24-ի երեկոյան արդեն ճանապարհել են: «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ճանապարհել է նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին՝ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այս ամենի մեջ հետաքրքիր է այն, որ Պուտինի և Օլանդի ժամանմանը նրանց դիմավորել է նախագահը, սակայն ստացվում է, որ միայն Օլանդին է ճանապարհել Սերժ Սարգսյանը: Հատկանշական է նաև, որ Կիպրոսի նախագահին ճանապարհելու գործը վստահվել է Կարեն Ճշմարիտյանին, ում պաշտոնանկության մասին խոսակցությունները չեն դադարում»։