Իրանական կայք. Իրանը չպետք է թույլ տա, որ Ատրպատականը դառնա Թուրքիայի տնտեսական գաղութը
«Թուրքիան բացահայտորեն աջակցում է Իրանում գործող պանթյուրքական խմբավորումներին»,-այդ մասին նշված է իրանական «Վաթանխահան.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի և թուրքական ներդրումային ընկերությունների միջև հաստատված տնտեսական կապերին և դրանց զարգացման հարցում թուրքական կողմի դրսևորած շահագրգռվածությանը, նշում է. «Բոլորն էլ տեղյակ են Իրանի հյուսիսային նահանգների հանդեպ Թուրքիայի վարած հակաիրանական քաղաքականության մասին: Թուրքիան բացահայտորեն աջակցում է Իրանում գործող պանթյուրքական խմբավորումներին, և դա Իրանի իշխանությունների համար պետք է վտանգի և սպառնալիքի ցուցիչ լինի»:
Շարունակելով թեման՝ հոդվածի հեղինակը հավելում է. «Իրանի նահանգային իշխանություններն անիրազեկության պատճառով ողջունում են Թուրքիայի հետ ստորագրված տնտեսական պայմանագրերը, սակայն պետք է նշել, որ Թուրքիայի նպատակն Իրանի թյուրքալեզու ազարիներով բնակեցված քաղաքների հետ սերտ հարաբերություններ հաստատելն ու այդ տարածքներում թուրքական մշակույթը տարածելն է, հետևաբար, չպետք է թույլ տալ, որ Ատրպատականը դառնա Թուրքիայի տնտեսական գաղութը»:
Նախորդող հրապարակումները՝
Իրանական կայք. Օսմանյան թուրքերը բացի հայերից՝ կոտորել են նաև իրանցի ազարիներին
Իրանցի թյուրքախոս ազարիները Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար դատապարտել են Թուրքիայի կառավարությանը
Իրանի պետական արարողակարգի ծառայությունը Էրդողանին տհաճ անակնկալ է մատուցել