Հանրահայտ դերասանուհի Նորա Արմանին՝ հայկական բեմում
Մայիսի 3-4-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա Անուշ Ասլիբեկյան-Արծրունու «Մերսեդես» ներկայացման առաջնախաղը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով: Ներկայացումը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գլխավոր դերում հանդես կգա հանրահայտ դերասանուհի Նորա Արմանին: Այս մասին Panorama.am-ին հայտնում են Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Այս թատերախաղը մեր հայրենի իրողության շատ կարևոր և ճակատագրական մի հանգրվանն է, 40-ական թվականների վերջերին սկսած ներգաղթի և հայրենադարձության մասին է։ Այս նյութի մասին շատ անդրադարձ չի եղել մեր գրականության մեջ՝ թերևս հասկանալի պատճառներով։ Այսօր, այս թատերախաղով մենք կպատվենք ամբողջ մի սերունդ, որ կոտորածներից փախավ և օտար ափերին մեջ ապաստանեց, և կամ այդ ափերին ծնվեց ու թողելով ամեն ինչ՝ վերադարձավ Հայաստան և կյանքի գնով, իր ամենաբեղուն տարիները նվիրեց ի նպաստ հայրենիքը կերտելու սրբազան գործին։ Առանց այդ սերունդի զոհաբերության Հայաստանը, ստալինյան ծրագրի համաձայն, կարող էր լրջորեն վտանգված լիներ: Ես շատ զգացված եմ, որ Հակոբ Ղազանչյանը ինձ վստահեց ներգաղթող Զարուհիին դերը։ Ես իմ ելոյթը նվիրում եմ ջարդերում վերապրած մեծ մորս հիշատակին և հայրենադարձ ազգականներից, ովքեր այսօր միշտ էլ Հայաստանում կապրին»,- ասել է Նորա Արմանին:
Նորա Արմանին ծնվել է 1955թ., Կահիրեում: Օրիորդական ազգանունն է Էքսերջյան: 1974-ից համատեղ ելույթներ է ունեցել դերասան-բեմադրիչ Ժիրայր Փափազյանի հետ, որի հետ ամուսնացել է 1977-ին: Միասին հանդես են գալիս «Արարատյան կայան» ներկայացումում հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Ամերիկյան թատրոնում հանդես է եկել «Արժանապատվության մարդը», «Անտոնիոս և Կլեոպատրա», կինոյում «Ֆուգան», «Մարկո Պոլո», «Սեղան 5-ի համար», «Լավագույն պաշտպանությունը», նաև երկու հայկական շարժանկարներում: 1987-ին արժանացել է «Արծաթե աստղ» մրցանակին: Այնուհետև հաստատվել է Փարիզում, հիմնել «Բարև» կինոընկերությունը, նկարահանել «Հայֆա» շարժանկարը: