Պուտինը տեղյակ է Էրդողանի զայրույթի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, թե Վլադիմիր Պուտինը ծանոթ է Թուրքիայի նախագահի քննադատությանը իր հասցեին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների համար։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Այսօր ստացված այլ տեղեկատվության հետ մեկտեղ, բնականաբար, նախագահին զեկուցում են այդ մասին»,- ասել է Պեսկովը։
Նախագահի մամուլի քարտուղարը, պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի ցեղասպանության մասին հայտարարությունները կարող են բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա, ասել է. «Արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ մեր բազմաշերտ հարաբերությոնների հետագա զարգացումը, բնականաբար, մեզ համար առաջնահերթություն է հանդիսանում։ Հուսով ենք, որ հարաբերությունները կշարունակեն զարգանալ այն արագընթաց տեմպերով, որ մինչ օրս զարգացել են։ Ունենք գործող բազում համատեղ նախագծեր, այդ իմաստով կան զբաղվելու բավականաչափ գործեր»։
Հիշեցնենք, նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Վլադիմիր Պուտինին՝ 1915թ-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ կատարած հայտարարության համար: Էրդողանը, մասնավորապես, ցավ էր հայտնել, որ Պուտինը ցեղասպանություն եզրույթն է օգտագործել և այդ առնչությամբ ռուսական կողմին հիշեցրել Ուկրաինայում և Ղրիմում տիրող վիճակի մասին։
Հիշեցնենք, որ Վ. Պուտինը ապրիլի 24-ին Երևանում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Մինչ այդ, ապրիլի 22-ին ՌԴ նախագահը «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հիշատակի երեկոյի մասնակիցներին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, ասել էր, թե 1915 թվականի ապրիլի 24-ը տխուր ամսաթիվ է, «որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի ու ողբերգական իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի Ցեղասպանության հետ»:
Նախորդող հրապարակումներ`
Էրդողանը քննադատել է Պուտինին Ցեղասպանություն եզրույթը օգտագործելու համար
Վ. Պուտին. Հայոց ցեղասպանությունը մեր երկրում մշտապես ընդունել են որպես սեփական ցավ ու դժբախտություն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան