Արագածոտնի մարզում շահագործման է հանձնվել նոր սպանդանոց
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքում մասնակցել է նորակառույց սպանդանոցի բացման արարողությանը:
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ սպանդանոցը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Հունաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի շրջանակում կառուցվել են ևս 4 տիպային սպանդանոցներ Զառիթափ, Արզնի, Օձուն և Մայակովսկի համայնքներում:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանակային գրասենյակի դաշտային ծրագրերի պատասխանատու Գերոլդ Բոդեկերը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, տարբեր միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
«Նմանատիպ ժամանակակից սարքավորումներով հագեցած սպանդանոցների շահագործումը հնարավորությունն է տալիս կանխարգելել գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունները, սպառողների համար առավել անվտանգ ու որակյալ արտադրանք ապահովել և աստիճանաբար նվազագույնի հասցնել բակային մորթը»,- շեշտել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր բացման խոսքում:
Նախարարը կարևորել է այս ոլորտում Հունաստանի կառավարության հետ առկա համագործակցության արդյունավետ փորձը և աջակցությունը` նշելով, որ սպանդանոցների կառուցումը շարունակական է լինելու, և նախարարությունն իր առջև խնդիր է դրել հանրապետության բոլոր մարզերում նմանօրինակ սպանդանոցներ հիմնել: Նախարարը հայտնել է նաև, որ անասնապահության ոլորտում մեծածավալ ներդրումներ են իրականացվում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի միջոցներով, որի շրջանակում էլ նախատեսվում է իրագործել անասնապահական մթերքների արտադրության արժեշղթաների հզորացումը, այդ թվում՝ սպանդանոցների կառուցումը:
«Հունական կողմը ողջունում է սպանդանոցների բացումը,- նշել է Իոաննիս Տայիսը,- մենք ուրախ ենք, որ իրականացված ֆինանսական ներդրումները կխթանեն ազգային հաստատությունների կարողությունները` ուղղված որակյալ մսի և մսամթերքի արտադրությանը»:
Դեսպանը ընդգծել է, որ երկու երկրների կառավարությունների գործընկերությամբ Հայաստանում իրականացվել են մի շարք ծրագրեր ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ այլ ոլորտներում, այժմ ընթացքի մեջ է մեկ այլ ծրագիր, որն առնչվում է թունաքիմիկատներին և մնացորդային քանակների որոշմանը` համոզմունք հայտնելով, որ երկուստեք փոխշահավետ համագործակցությունը հետագայում նույնպես կշարունակվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան