«Վերապրած մշակույթ». «Մենք գործ ունենք անանց արժեքների հետ»
«Մեր նպատակն է ցուցադրել ոչ միայն մեր կորուստների ահռելիությունը, այլ մեր պահպանած ձեռագրերի ուժն ու զորությունը, որոնք հաճախ հրաշքներ են գործել ու հաճախ հենց այդպես էլ կոչվում են՝ հրաշագործներ»,- Մատենադարանում ընթացքող «Վերապրած մշակույթ» խորագրով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի բացման խոքում ասաց Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Գիտաժողովը կազմակերպվել է «Երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Գիտաժողովը մաս է կազմում «Ցեղասպանությունից փրկված ձեռագրական գանձեր» ծրագրի, որն իրականացվում է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ստիպում է վերաիմաստավորել մեր մշակույթը, կենդանի պատմությունը, որն ընկած է մեր կենսափիլիսոփայության հիմքում, վերաիմաստավորել նաև մեր կատարած աշխատանքն ու նպատակաուղղել այն: Մեզ տրված է պահպանել, նորոգել, նոր կայք ու շունչ տալ ձեռագրերին, վավերագրերին, որոնք մեր հիշողություններն են: Մենք գործ ունենք անանց արժեքների հետ, որոնք ներազդում, ներթափանցում են մեր ներաշխարհ, ներքին կյանք»,- ասաց Հ. Թամրազյանը:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվող զեկուցումները վերաբերում են Հայոց ցեղասպանությանը` առանձնահատուկ շեշտելով ցեղասպանության հետևանքով հայերեն ձեռագիր մշակույթի կորուստները և հայ ձեռագրական ժառանգությանն առնչվող նյութեր: