«Վերապրած մշակույթ». «Զարմանում ես՝ տեսնելով այդ ձեռագրերի մեծությունը, ծանրությունը ու թե ինչպես են կարողացել փրկել դրանք»
Հարյուր տարի առաջ Արևմտյան Հայաստանում բնակվող ոչ միայն հայ ժողովրդի համար սկսվեցին դժնդակ ժամանակներ, այլ նաև հայկական մշակութային ժառանգության համար էր կործանարար տարիներ: Թուրքերը ոչնչացրեցին հայկական մշակութային ժառանգության մի հսկայական մաս:
Ձեռագիր մատյաններն էլ նույն ճակատագրին արժանացան, սակայն շատ հայեր իրենց երեխաներին, կահ-կարասին փրկելուն զուգահեռ փրկեցին հազարավոր ձեռագրեր:
«Մեր բաժնում ձեռագրերից գրեթե ամեն երկրորդն անցել են Եղեռնի ճանապարհով, ապրել են նույն տառապանքները, ինչ որ մարդիկ են ապրել: Հիմա մենք վերականգնում ենք մեծադիր ձեռագրեր: Զարմանում ես՝ տեսնելով այդ ձեռագրերի մեծությունը, ծանրությունը ու թե ինչպես են մարդիկ իրենց երեխաներին, կահ-կարասին փրկելով, փրկել նաև ձեռագրերը, իրենց հետ տարել այդքան ճանապարհ»,-Մատենադրանում լրագրողների հետ զրույցում ասաց Մատենադարանի վերականգման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը:
Նա հայտնեց, որ վերջին քսան տարվա ընթացքում նորոգել են Եղեռնը վերապրած 200-300 ձեռագիր: Ըստ նրա, նման ձեռագրերը շատ-շատ են, գտնվում են ոչ միայն Մատենադարանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հայտնվել են հայերը Հայոց ցեղասպանությունից հետո՝ Երուսաղեմում, Սիրիայում, Անթիլիասում, Սուրբ Ղազարում, Վիենայում, Բեռնինի, Լոնդոնի ազգային գրադարաններում և այլուր:
Գայանե Էլիազյանն ասաց, որ իրենց բաժինը տարբեր տարիներին եղել են այն վայրերում, որտեղ պահվում են վերապրած հայկական ձեռնագրերը, կոնսերվացրել դրանք:
Նշենք, որ Մատենադարանում ընթանում է «Վերապրած մշակույթ» խորագրով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովը: