«Վերապրած մշակույթ». «Մշո ճառընտիր»-ի անցած ճանապարհը
«Մեր ժողովրդի ճակատագիրն են ապրել մեր ձեռագիր հուշարձանները: Տասնյակ հազարավոր հայկական ձեռնագրեր ոչնչացվել են՝ իրենց հետ տանելով մեր հիանավուրց պատմության, գրականության, արվեստի, ճշգրիտ գիտությունների գոհարները: Մեր ձեռագրերը բազմիցս եղել են գերության մեջ ու ազատվել են: Տասնյակ հազարավոր ձեռագրեր հայերի կողմից գերությունից ազտավել են ու այժմ գտնվում են Մատենադարանում: Այդպիսի ճակատագիր է ունեցել «Մշո ճառընտիրը»: «Մշո տոնականը» Եղեռնի օրերին հարկադրաբար թողնում է իր դարավոր բնակավայրը, հանգրվանում Մաշտոցյան մատենադարանում՝ կրելով 7729 համարը, «Մշո ճառընտիր» մականունը, հայերեն ամենամեծ ձեռագիրն է»: Մատենադարանում ընթացող «Վերապրած մշակույթ» խորագրով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովում ասաց Մատենադարանի ավագ գիտաշխատող Արփինե Սիմոնյանը` ներկայացնելով ««Մշո ճառընտիր»-ի տերունական մանրանկարների քննության փորձ» խորագրով զեկույցը:
Մշո ճառընտիրը գրվել և նկարազարդվել է 1200 - 1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս։ 1203 թվականին մոնղոլ թաթարական հարձակումների ժամանակ Աստվածատուրը սպանվում է, ունեցվածքը բռնագանձվում է: Բաբերդ քաղաքի ավերման ժամանակ ձեռագիրն ավարտված չէր, կազմ ու հիշատակարան չուներ: Խլաթ քաղաքի դատավորը պատճառաբելով, թե թուրք դատավորն իրենց պարտք է մնացել, վերցնում է ավետարանը: 1206 թվականին Մուշ քաղաքի Սուրբ Առաքելոց վանքի հոգևորականը, տեղի բնակչությունն իմանում են, որ թուրք դատավորը վաճառքի է հանել ավետարանը, մեկ տարի բանակցություններից հետո չորս հազար արծաթե դրամով հետ են վերցնում ու տեղափոխում Մշո Առաքելոց վանք: Մեծ եղեռնի տարիներին ձեռագիրը կրկին փրկվում է ոչնչացումից: Երկու հայ կին գաղթի ճանապարհին գտնում են ձեռագիրը, վերցնում իրենց հետ: Երկու մասին են բաժանում, որպեսզի եթե մեկը մահանա, գոնե մյուսը կարողա փրկել մատյանը: Երկուսն էլ ուղևորվում են Արևելյան Հայաստան: Կանանցից մեկը հասնում է Էջմիածին, ձեռագիրը հանձնում, մյուս կինը մահանում է, սակայն մինչ այդ նա ձեռագրի մի մասը թաղում է Էրզրումի վանքի բակում: 1920 թվականին ռուսական բանակի մի սպա գտնում է ձեռնագիրը, տեղափոխում Թբիլիսի, հանձնում «Հայկական գթության ընկերությանը» թանգարանին, որտեղից էլ տեղափոխվում է Մատենադարան:
«Այժմ մագաղաթյա ձեռագիր մատյանը, որի մի մասը կշռվում է 15,2 կգ, մյուս մասը՝ 12,3 կգ (ընդհանուր՝ 27,5 կգ) պահվում է Մաշտոցյան Մատենադարանում: Ձեռագիրը սկզբում ունեցել է 660 թերթ, այժմ՝ 601 թերթ, որը պահվում է Մատենադարանում, 17 թերթ պահվում է Վենետիկում, 1 թերթ՝ Վիեննայում, իսկ 1967-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Մոսկվայի Լենինի անվան գրադարանից ստացել է 2 թերթ։ «Մշո ճառընտիրը» առանձնանում և արժևորվում է իր շքեղ պատկերազարդումներով, թեմատիկ տերունական մանրանկարներով: Կարծիքներ կան, որ երկու վարպետ են աշխատել»,- իր զեկույցում ասաց Ա. Սիմոնյանը: