Քննարկվում է ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը
ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագիրը: Նախատեսվում է ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել ե 10 տարով՝ սահմանելով մինչև 2026 թվականը:
Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստանյանը նշեց, որ այս համաձայնագրով Հայաստանը կարողանում է կազմակերպել ատոմակայանի աշխատանքների երկարաձգումը, և դրանով կարգավորվում են համապատասխան իրավասու մարմինների և լիազոր կազմակերպությունների իրավահարաբերությունները:
Ըստ նրա՝ ատոմակայանի երկարաձգման աշխատանքները կիրականացվեն երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում զննելու են հիմնական սարքավորումների իրավիճակը և այդ վերլուծական աշխատանքների հիման վրա մշակվելու է երկարաձգման ծրագիրը:
«Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, և գնահատականները լինեն դրական, և մենք ամբողջ ծավալով իրականացնենք միջոցառումները, հնարավորություն կունենանք մինչև 2026 թ-ը ներառյալ էներգաբլոկի համար ունենալ շահագործելու համար համապատասխան լիցենզիա և աշխատել մինչև 2026թ-ը ներառյալ»,- ասաց Արեգ Գալստյանը:
Նրա խոսքերով՝ կառավարությունն ստիպված է գնում ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանը, քանի որ չհաջողվեց նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը սկսել նախանշված ժամկետում:
«Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016 թ-ին: Այս քայլը կատարում ենք ստիպված, քանի որ եթե չերկարաձգենք, ապա առաջիկա տարիներին բազիսային հզորությունների լուրջ դեֆիցիտ կլինի: Հաշվարկները ցույց են տվել, որ նմանատիպ ծրագրերն իրականացվել են Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Սլովակիայում, Չեխիայում և եվրոպական մի շարք երկրներում»,- նշեց փոխնախարարը:
Ըստ Ա.Գալստյանի՝ երկարաձգման աշխատանքներն իրականացնելու համար նախնական հաշվարկով անհրաժեշտ է 270 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան