Խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անհրաժեշտ. Բուրջանաձե
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ երկրում անհրաժեշտ է անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Այսօր սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լիվան Կալիանին հեռացել է պաշտոնից: Վրաստանի Սահմանադրության համաձայն, նախարարների մեկ երրորդի հրաժարականի դեպքում կառավարությունը պետք է վստահության նոր քվե ստանա խորհրդարանում: Վրաստանի կառավարությունում 19 նախարար կա: Լիվան Կալիանին թվով յոթերորդ նախարարն էր, ով հրաժարվել է պաշտոնից: Այժմ խորհրդարանը պետք է քննարկի կառավարության վստահության հարցը:
«Ոչ միայն վարչապետը, նույնսիկ Իվանիշվիլին չի կարող վերահսկել իրավիճակը և իրականության վերաբերյալ հստակ տեղեկատվություն չունեն: Ստեղծված իրավիճակում միակ ելքը կարող է լինել խորհրդարանական արտահերթ ընտրությունները և իշխանությունում իրական փոփոխությունները»,- ասել է Բուրջանաձեն: Հակառակ պարագայում, ըստ նրա, երկրում վիճակը կվատանա, ժողովուրդը կշարունակի աղքատանալ:
«Քաղաքական և տնտեսական ճգնաժամն այնքան է խորացել, որ երկիրն իրական վտանգի առաջ է կանգնած»,- կարծում է նա:
Միլիարդատեր Իվանիշվիլու ստեղծած «Վրացական երազանք» կոալիցիան իշխանության է եկել 2012 թվականին, ձևավորել է խորհրդարանական մեծամասնություն և նոր կառավարություն: