Վրաստանը Ադրբեջանից պահանջել է ձերբակալել և արտահանձնել Սաակաշվիլիին
Վրաստանի գլխավոր դատախազությունը Ադրբեջանից պահանջել է ձերբակալել և արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը ժամանել է Բաքու՝ բաց հասարակությունների 3-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով։ Այս մասին գրում է վրացական Newsgeorgia-ն:
Վրաստանը Ադրբեջանին դիմել է ապրիլի 28-ին՝ Սաակաշվիլիի՝ Բաքու կատարած այցի օրը։
«Մեր գերատեսչությունը դիմել է ադրբեջանական կողմին Միխեիլ Սահակաշվիլիին ձերբակալելու և արտահանձնելու խնդրանքով»,- հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Նաթիա Սուխիաշվիլին՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից պաշտոնական պատասխան դեռևս չի ստացվել։
Նշենք, որ 2014թ. Վրաստանի Գլխավոր դատախազությունը հեռակա կարգով Սահակաշվիլիին մեղադրանք էր ներկայացրել միանգամից մի քանի քրեական գործով՝ ավելի քան 8.8 մլն լարի պետական միջոցների վատնման, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և քաղաքական սպանություն պատվիրելու մեղադրանքով: 2014թ. Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով ձերբակալել էր Սահակաշվիլիին։