Սփյուռքահայերին օգնեցիք, որ վերհիշեն այդ առաջարկը. Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին
Հայաստանի բանկերում հաշվեհամարներ բացելու և գումարներ պահելու մասին գաղափարը ծնվել է դեռևս 2013-ին: Այդ մասին իր հայտնի հայտարարությունից հետո այսօր լրագրողների հետ զրույցում բացատրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հիշեցնենք՝ օրերս տիկին Հակոբյանը սփյուռքահայերին կոչ էր արել Հայաստանի բանկերում հաշվեհամարներ բացել ու գումարներ պահել, ինչը կաշխուժացնի տնտեսական շարժը: Այս հայտարարությունը բուռն քննադատության էր արժանացել:
«2013-ին է ծնվել այդ գաղափարը` բանկերի ու ֆինանսիստների համաժողովի ժամանակ, դա նորություն չէ, միշտ էլ դրա մասին խոսել ենք: Ես շնորհակալ եմ լրագրողներին, որ այսպիսի աղմուկ բարձրացրեցիք, որովհետև սփյուռքահայերին օգնեցիք, որ իրենք վերհիշեն այդ առաջարկը: Օրեր առաջ ես բարեգործականի ընդհանուր ժողովում նույն միտքը բարձրաձայնեցի` բանկային համակարգը հզորացնելու համար, որովհետև դրանով սփյուռքահայերին չենք վնասում, նրանք տոկոսներ են ստանում դրանից, և դրա արդյունքում կզարգանա զբոսաշրջությունը: Այդ բարեգործական ժողովի 300 մասնակիցները հոտնկայս ծափահարեցին: Եթե դեմ մարդ կա, ապա դա դուք եք»,- դիմելով լրագրողներին ասաց Հրանուշ Հակոբյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այդ կոչով նախարարը կարող էր դիմել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որը, ըստ տեղեկությունների, շվեյցարական բանկերում հաշվեհամարներ ունի, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Հարցադրումը տեղին չէ»:
Հարցին, թե ինքն անձամբ որևէ բանկում ներդրում կատարե՞լ է, նախարարը պատասխանեց, որ ինքը ներդրումներով չի զբաղվում: