Բացվել է ԵՊՀ-ի «Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն». «Եզակի հնարավորություն՝ գիտնականների, ուսանողների համար»
Երևանի պետական համալսարանում բացվել է «Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն», որն իրականացնելու է միջազգային չափանիշներին համապատասխանող մագիստրոսական ծրագրերով ուսանողների պատրաստում «Կիրառական կենսաբանություն» և «Կենսահնագիտություն» ոլորտներում: Արդեն մշակվել է մագիստրոսական կրթական ծրագրերի կառուցվածքն ու բովանդակությունը` հետազոտական կամ արտադրության ոլորտներում մրցունակ մասնագետներ պատրաստելու համար: Կենտրոնի առաքելությունը կրթության, գիտության և արտադրության միջև կամուրջներ ստեղծելն է՝ հիմք ընդունելով կրթության կազմակերպման և գիտական հետազոտությունների իրականացման միջազգային արդիական փորձն ու մոտեցումները:
Լրագրողների հետ զրույցում կենտրոնի տնօրեն Նելլի Հովհաննիսյանն ասաց, որ «Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը» հիմնվել և համալրվել է սարքավորումներով ԿԳՆ, Կրթական ծրագրերի կենտրոնի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Ծրագրի մեկնարկը տրվել էր 2013-ին, ավարտվել էր 2015-ի փետրվարին:
«Կենտրոնի լաբորատորիաները հագեցած են այնպիսի գերժամանակակից սարքավորումներով, ինչպիսին է սկանավորող էլեկտրոնային մանրադիտակը: Այն թույլ է տալիս խոշորացնել օբյեկտը մինչև 100.000 անգամ, ինչպես նաև կատարել քիմիական տարրերի միկրոանալիզ»,- ասաց նա:
Նելլի Հովհաննիսյանը նաև նշեց, որ Հայաստանի ակադեմիական համակարգում եզակի հնարավորություն է ընձեռում գիտնականներին, ուսանողներին իրականացնել հետազոտական աշխատանքներ մոլեկուլային կենսաբանության ոլորտում. «Կենտրոնը ձեռք է բերել նաև FT-IR սպեկտրոսկոպ, որը թույլ է տալիս հասկանալու գենետիկական նյութի՝ ցանկացած կենդանի օրգանիզմի, նաև մահացած կենդանի օրգանիզմների, այն է հնագիտական պեղումներից ստացվող, առանձնահատկությունները, այսինքն վերծանել ԴՆԹ-ի այբուբենը, գենետիկական կոդը»:
Կենտրոնը համագործակցում է ազգային և միջազգային ինստիտուտների, համալսարանների, կենտրոնների, արտադրությունների հետ, ինչպիսիք են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտը, «Սեմինար կոնսալինգ», «Զորահ Վայնս» խորհրդատվական, խաղողագործական և գինեգործական արտադրությունները, Գերմանիայի Տյուբինգենի համալսարանը, Բելգիայի Հենտի համալսարանը, Դուբլինի համալսարանը, Ավստրալիայի Հնագույն ԴՆԹ-ի ուսումնասիրության կենտրոնը և այլն: Կենտրոնում արդեն իսկ տավում են ինչպես կիրառական, այնպես էլ հիմնարար հետազոտություններ: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում ուսումնասիրվում են ժամանակակից խաղողների և Արենի-1 քարանձավից գտնված հնագուն խաղողների գենետիկական բազմազանությունը, ծագումնաբանությունը և դերը համաշխարհային խաղողագործության մեջ:
Նախորդիվ`
Սերժ Սարգսյանը վերընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները