էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալո՞ւ է. Զոհրաբյանի հարցը
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում դիմելով ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստանյանին, հետաքրրքվեց, թե որքանով են իրականությանը համապատասխանում մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է:
«Սոցիալական կատաստրոֆիկ վիճակում գտնվող քաղաքացու համար այսօր դա թիվ մեկ խնդիրն է»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Ա.Գալստյանը պատասխանեց, որ սակագինը որոշող իրավասու մարմին կա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը ստանալով հայտեր շուկայում մասնակից ընկերությունների կողմից՝ որոշում է այդ առաջարկությունները ընդունել, թե ոչ:
«Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել կբարձրացնեն, թե ոչ: Ամեն տարի նման քննարկում լինում է, հայտեր են ստանում նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ, որոնք անդրադարձ են ունենում սակագնի վրա»,- ասաց փոխնախարարը:
Ն.Զոհրաբյանը նաև հետաքրքվեց ատոմակայանում նախորդ տարի արձանագրված չարաշահումներից, որոնց արդյունքում ձերբակալվել էր ատոմակայանի փոխտնօրենը:
«Լրջագույն սկանդալներ եղան ատոմակայանի հետ կապված, արդյոք ձեր նախարարությունը հաշվարկել է, թե որոշ պաշտոնյաների այդ ոլորտում արված չարաշահումների արդյունքում որքա՞ն վնաս են հասցվել պետությանը, քանի որ, ի վերջո, պետության հասցված վնասը փոխհատուցում է քաղաքացին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ա.Գալստյանը նշեց, որ համապատասխան կոմպետենտ մարմինները շարունակում են գործի քննությունը, որը դեռևս ավարտված չէ, որպեսզի եզրակացություն անեն, թե ինչ չափի վնաս է հասցվել կառույցին:
«Ես չեմ կարող գնահատական տալ»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն էլ արձագանքեց. «Վաղուց ժամանակն է, որ մեր երկրում ռեալ գործի պատասխանատվության ինստիտուտը: Հանրությունը պետք է իմանա, թե ինչ չարաշահումներ են եղել ատոմակայանում և կոնկրետ մարդիկ պետք է ստանան իրենց պատիժը»: