Արաս Օզբիլիս. «Իմ խոսքերն աղավաղել են»
Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարություն է կատարել՝ կապված «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցի հետ, որում քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին:
«Երբ այսօր կարդացի այդ հարցազրույցը, ցնցված էի,- նշել է Օզբիլիսը:- Առաջին՝ ես այս հարցազրույցի համատեքստում այլ ֆուտբոլիստների անուններ չեմ նշել: Դա միայն իմ խնդիրն է, և ես չեմ ուզում որևէ մեկին խառնել այս գործին: Այն մասին խոսքերը, որ, իբր, «Սպարտակի» ֆուտբոլիստները չեն հասկանում, թե ինչ է կատարվում թիմում, կեղծիք են: Երկրորդ՝ ես ծնվել եմ Թուրքիայում, հարազատներս այնտեղ են ապրում, ես խոսում եմ թուրքերենով, այդ թվում նաև՝ Մուրատ Յակինի հետ, և թուրքերի շրջանում շատ ընկերներ ունեն: Ուստի ազգային որևէ հարցի մասին նույնիսկ խոսք չի կարող լինել:
Զզվել եմ արդեն, որ ինձ հիմար լույսի տակ են ներկայացնում, որովհետև ես Թուրքիայում ծնված հայ եմ: Երբեք չեմ ցանկացել, որ դա տեղի ունենա: Եվ նաև չեմ ասել, որ մարզիչն ինձ չի թույլատրում աշխատել թիմի հետ, որովհետև ես հայ եմ: Բոլորը, ովքեր ճանաչում են ինձ, լավ գիտեն, որ ես նման մտքեր չունեմ: Ուստի դադարեք օգտագործել իմ անունը քաղաքական մոտիվներով: Ես պարզապես ուզում եմ ֆուտբոլ խաղալ»,- գրել է ֆուտբոլիստը «Instagram»-ում:
Մեր ընթերցողներին հիշեցնենք «Սպորտ Էքսպրեսի» հարցազրույցի այն հատվածը, որում Օզբիլիսը, իբր, անդրադարձել է մարզչի թեմային:
«Միշտ վանել եմ մտքերը, բայց հիմա հարցնում եմ. գուցե այս ամենը կատարվում է այն պատճառո՞վ, որ ես հայ եմ, իսկ մարզիչը՝ թուրք: Թիմակիցներս, ինչպես և ես, չենք հավատում կատարվածին: Երբ միասին ենք մարզվում, նրանք չեն հավատում, որ ես մեկ տարի խաղադաշտ չեմ մտել: Երբ ինձ ուղարկեցին երկրորդ թիմ, նրանք չէին հավատում, որ ինձ հետ այդպես են վարվում: Հարցնում են՝ ինչու, և ես չգիտեմ՝ ինչպես պատասխանել»:
«Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն հայտարարել է, որ Արաս Օզբիլիսը կտուգանվի:
«Այսօր առավոտյան ես հանդիպեցի ու բավական կոշտ զրուցեցի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ: Արասը խախտել է պայմանագրային պարտավորությունները և տեղեկացվել, որ կտուգանվի զգալի գումարով՝ համաձայն ակումբի հետ կնքած համաձայնագրի:
Իր հերթին՝ Օզբիլիսն ընդունել է, որ ինքը իրավացի չէ, որ դա զգացմունքային քայլ էր, որի համար պատրաստ է պատիժ կրել: Նա նաև հայտարարել է, որ իր շատ մտքեր աղավաղվել են»,- շեշտել է Ասխաբաձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան