Freedom House-ի «Մամուլի ազատություն 2015» զեկույցում Հայաստանը բարելավել է իր գործակիցը
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատություն-2015» զեկույցը, որում Հայաստանը նախորդ տարվա համեմատ 1 կետով բարելավել է իր գործակիցը:
Զեկույցում Հայաստանը իր ստացած գործակցով հայտնվել է 135-րդ տեղում, որը զեկույցի մեթոդաբանության համաձայն սահմանագծային է «ոչ ազատ» կատեգորիայից` «մասամբ ազատ» կատեգորիայի անցման տեսանկյունից:
Զեկույցում մամուլի ազատության գործակցով Հայաստանը նկատելիորեն առաջ է անցել Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Տաջիկստանից, ինչպես նաև Իրանից ու մի շարք այլ երկրներից:
Զեկույցում ներառված է 199 երկիր, որտեղ յուրաքանչյուրը ստանում է 0-100 միավոր` համապատասխանաբար` 0-ամենազատ երկիրը, և 100-ը` ծայրահեղ ոչ ազատ: Սույն միավորները ստացվում են երկրների քաղաքական, իրավական և տնտեսական միջավայրերին տված գնահատականների հիման վրա:
Զեկույցում մամուլի ազատության ցուցանիշով առաջատար հորիզոնականներում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Նորվեգիան, Շվեդիան, Բելգիան, Հոլանդիան, Դանիան: Մամուլի ազատության ցուցանիշով վատագույն երկրների թվում են Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Հյուսիսային Կորեան, որոնք էլ եզրափակում են վատագույն արդյունքներ արձանագրած երկրների ցանկը:
Նկատենք, որ զեկույցում վատ դինամիկա արձանագրած երկրների շարքում են հայտնվել Ադրբեջանը և Թուրքիան` լրագրողների և մամուլի նկատմամբ այդ երկրների իշխանությունների կողմից մշտապես գործադրվող բռնությունների և ճնշումների պատճառով: