Շարմազանովը մեղք չունի. Բագրատյանը հիշել է ատոմակայանի վերագործարկման տարիները
Այսօր Ազգային ժողովում Հայկական ատոմակայանին վերաբերող համաձայնագիրը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին ստիպեց վերհիշել իր վարչապետության տարիները:
Նշենք, որ ԱԺ-ում այսօր շարունակվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի քննարկումը, որով, երկարաձգվում է հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը: Ժամկետի երկարաձգման համար հայկական կողմը ռուսական կողմից պետք է 270 միլիոն դոլար վարկ վերցնի: Ըստ համաձայնագրի, եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, մինչև 2026 թվականը ատոմակայանը կարող է աշխատել:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովները դրական եզրակացություն են տվել միջազգային համաձայնագրին: Այն ստորագրվել է 2014-ի դեկտեմբերին Մոսկվայում:
Բագրատյանը հիշեց, որ ատոմակայանը վերագործարկելու որոշումը շատ ծանր է եղել և շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր իր ատոմակայանի վերաշահագործման գործում ներդրում են ունեցել: «Բոլորս փաստաթղթի տակ ստորագրեցինք, որ եթե մի բան պատահի, բոլորս ենք պատասխանատու՝ առաջին նախագահից սկսած, որովհետև ատոմակայանը սրտի պես է, կարող էր չաշխատել, առաջին անգամ էր վերաշահագործվում», -ասաց Բագրատյանը՝ ընդգծելով, որ շահագործմանը զուգահեռ անվտանգության միջոցառումներ են իրականացրել՝ ավազան կառուցել:
«Երեկ, երբ ասում էի, որ ատոմակայանն իմ երեխան է, իմ լավ ընկեր Շարմազանովը ծիծաղում էր: Շարմազանովը մեղք չունի, այն ժամանակ ինքը փոքր երեխա էր, որտեղի՞ց պիտի կարդար, թե ինչ է եղել: Պատմության գրքերի՞ց, իսկ ի՞նչ են գրել այն ժամանակ պատմության գրքերում: Ով շատ է քծնում, ամենալավ պատմաբանն է հիմա: Իսկ մի քանի տգետ էլ այստեղ մազութի ու ցուրտ ու մութ տարիների հանձնաժողով էին ստեղծել՝ առանց հաշվելու, թե այս ի՞նչ ենք անում, ո՞ւմ հետ ենք խոսում: Ձեզանից շատերը մասնակից են եղել այդ քննարկմանը», -հավելեց Բագրատյանը:
Նրա համար տարօրինակ է՝ եթե 12 մլն դոլարով ատոմակայանը վերաշահագործվել է, ինչու են այժմ 270 մլն դոլար վարկ վերցնում միայն անվտանգությունն ապահովելու համար:
«Սխալ է, որ գալիս ու ասում եք ՝ մեզ պետք է մինչև 270 միլիոն դոլար, քանի որ այդ կերպ ավելացնում եք պետության պարտքը։ Այստեղ անմիջական հարց է առաջանում, թե 7 միլիոնն էլ, 100 միլիոնն էլ մինչև 270 միլիոն են։ Մենք պարտք ենք ավելացնում այն դեպքում, երբ չգիտենք, թե այս տարին ոնց ենք ավարտելու։ Ի՞նչ է 700 միլիոն պարտք վերցնենք, 4 միլիոնը տանք ԿԲ-ին, որ վալյուտա ծախսի ու հետո ասի ՝ լավ արդեն դրամն ու դոլարը կայունացա՞ն»,- անհանգստացած հետաքրքրվեց Բագրատյանը: