«Օղակ» գործողության մասին միջազգային զեկույցից. Խաղաղ հայերի դեմ զենք է կիրառվում, նրանց սպանում են ու խլում ունեցվածքը
Karabakhrecords.info կայքը շարունակում է հրապարակել 1991-ի գարնանը-ամռանը իրագործված «Օղակ» գործողության վերաբերյալ փաստաթղթեր: Դրա ընթացքում Արցախի ավելի քան 30 հայկական գյուղի բնակչություն ենթարկվել է ահաբեկչական գործողություններիր, բռնության և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջանքերով հարազատ վայրերից աքսորվել է:
Կայքում հրապարակվել է դքսուհի Քերոլայն Քոքսի «Էթնիկ զտումները` գործարկման մեջ. Պատերազմը Լեռնային Ղարաբաղում» գրքից մի հատված` «Անդրեյ Սախարովի հիշատակի առաջին միջազգային կոնգրեսի պատվիրակության զեկույցն Ադրբեջանում ու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի` 1991-ի հուլիսի 13-16-ի ընթացիկ իրադարձությունների առնչությամբ» վերնագրով:
«Սախարովի հիշատակի առաջին միջազգային կոնգրեսի պատվիրակությունն առաջին փորձագիտական խումբն էր, որին թույլ տվեցին մոտենալ ԼՂԻՄ-ին: Մենք հնարավորություն ստացանք ադրբեջանական բանտերում պահվող հայ բանտարկյալներից հարցազրույց վերցնել, այցելել գյուղեր, որոնց բնակչությանն աքսորել էին: Մեր պատվիրակության անդամները հանդիպել էին տեղացի բնակիչների հետ, հանրապետական ու տեղական իշխանությունների ներկայացուցիչների, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարական ու շարքային կազմի, Հայաստանի ու Ադրբեջանի տարբեր շրջաններից աքսորված անձանց ու փախստականների հետ:
Մայիսին Հայաստան ու Ադրբեջանի սահմանամերձ հատվածներ կատաարած մեր այցից հետո այս շրջանում լարվածությունն աճել է, ընդ որում, արձանագրվել են հայ բնակչության նոր զանգվածային տեղահանումներ, հատկապես Ադրբեջանի ԽՍՀ Շահումյանի շրջանից. Էրքեջ, Բուզլուկ, Մանաշիդ հայկական գյուղերի բնակչությունը տեղահանվել է մեր կատարած այցի ժամանակ:
Եթե տեղահանումը շարունակվի, ապա Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ զինված հակամարտություն կարող է ծագել: Մենք եկանք այն եզրակացության, որ ԼՂԻՄ-ի տարածքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են:
Մեր խմբի ընդհանուր տեսակետի համաձայն` կան հատուկ անհանգստություն առաջ բերող 4 հանգամանքներ` բռնի տեղահանում, անհիմն ձերբակալություններ, քաղաքացիական բնակչության նկատմամբ դաժան վերաբերմունք, Ադրբեջանի ՕՄՕՆ ՆԳՆ հատուկ նշանակության ոստիկանական ջոկատը:
Բռնի տեղահանումներ
Վերջին շրջանում Շահումյանի շրջանի մի շարք հայկական գյուղեր շրջափակվել են ԽՍՀՄ ՆԳՆ ջոկատների միջոցով: Բնակչությանը տարհանել էին:
Ադրբեջանի պաշտոնական դեմքերին, այդ թվում` Ադրբեջանի Հանրապետության նախագահ Այազ Մութալիբովին և Կոմկուսի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն, շարունակում են արդարացնել այդ գործողությունները` դրանք ներկայացնելով որպես ԼՂԻՄ բնակչության կամավոր տեղհանում: Սակայն մենք ունենք անհերքելի ապացույցներ, որ նման գործողություններն իրականացվում են կոպիտ ուժի և զենքի կիրառմամբ` հանգեցնելով սպանությունների, սեփական ունեցվածքի կորստի:
Բերդաձորի Կիրով ու Հադրութի Դոլանլար հայկական գյուղերում մենք համոզվեցինք, որ ներկայումս սույն գյուղերի բնակիչները կազմում են բացառապես ադրբեջանցիները:
Չհիմնավորված ձերբակալություններ
Մենք ունենք ԼՂԻՄ-ում հայ բնակչության անհիմն ձերբակալումների համոզիչ վկայություններ:
Հայաստանի Կիրովական քաղաքում մենք հանդիպել ենք հանրապետական ոստիկանության 11 անդամների, որոնք վերջերս էին ազատ արձակվել Ադրբեջանի Գյանջա քաղաքի բանտից: Բանտարկության ընթացքում նրանք ամեն օր ենթարկվել են ծեծի, ինչի մասին վկայում են նրանց մարմինների սպիերը, ինչպես նաև դաժան վերաբերմունքի` նրանց ազգային ու մարդկային արժանապատվությունը նվաստեցնող: Տարակուսանք է առաջ բերում նաև ԽՍՀՄ ՆԳՆ աշխատակիցների կողմից նրանց ձերբակալման հանգամանքները:
Մեզ հետ զրույցում նրանք նկարագրել են բանտում իրենց անմարդկային պայմանները, որոնք ընդգրկում էին չափից դուրս աղով համեմված սննդից ու խմելու ջրից զրկելը:
Շուշի քաղաքի բանտում մեզ հնարավորություն ընձեռնվեց հանդիպելու հայազգի 18 բանտարկյալների հետ, ընդ որում նրանցից 10-ի անունը ասվել էր մեր խմբի կողմից: Նրանք բոլորը զուրկ էին հարազատների հետ կապից, փաստաբանից ու որակյալ փաստաբանական ծառայությունից: Նրանցից ոմանք չէին իմանում ձերբակալության պատճառը: Բանտարկյալներից մեկը մեզ ցույց տվեց ծեծի թարմ հետքերն իր մարմնի վրա:Բացի այդ, Ստեփանակերտում մենք համոզիչ հաստատումներ ստացանք հայերի անհետ կորելու վերաբերյալ:
Քաղաքացիական բնակչության հետ դաժան վերաբերմունք
Ձերբակալությունից ու տեղահանումից զատ` Լեռնային Ղարաբաղի հայերը ենթարկվել են ադրբեջանական բնակչության, իշխանության ներկայացուցիչների, ԽՍՀՄ բանակի ու ՆԳՆ ՆԶ կողմից անընդհատ ճնշման, որոնք այդ ժամանակ հակամարտության գոտում էին:
Փաստաթղթերի ստուգումներն էլ ավելի են սրում բնակչության անհանգստությունը` հաճախ պատրվակ դառնալով ապօրինի ձերբակալումների, ծեծի, ավտոմեքենաների, հոտի թալանի:
Տնտեսական ու հաղորդակցական շրջափակումը մեկուսացրել է ԼՂԻՄ-ի հայ բնակչությանը Հայաստանից: Աշխատատեղերի կրճատումը հանգեցրել է կենսամակարդակի կտրուկ անկման: Տեղացիների վկայությամբ` երեխաների նպաստ ու թոշակներ արդեն երեք ամիս է, ինչ չեն տալիս: Փակվել է Ստեփանակերտի հեռուստակայանը, որը հայերեն էր հեռարձակում, ինչն էլ մարդու մշակութային իրավունքների խախտում է: Ներկայումս գործում է միայն երկու լուսավորչական եկեղեցի: Երորրդ եկեղեցին հարձակման է ենթարկվել ու փակվել օծումից երկու օր անց` 1990-ի սեպտեմբերին: ԼՂԻՄ-ում չգործող եկեղեցիները, որտեղից մարդկանց տարհանել են, թալանված են ու ավերված:
Ստեփանակերտից ինքնաթիռի տոմս ձեռք բերելու համար պետք է կաշառք տալ, որի չափը 10 անգամ գերազանցում է տոմսի նվազագույն արժեքը: Խոջալուի օդանավակայանում հայազգի ուղևորներին անընդհատ վիրավորում են, ծեծում, ստորացնում, խլում գումարն ու թանկարժեք իրերը:
Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության ոստիկանության ՕՄՕՆ ջոկատը
Մենք բազում վկայություններ ունենք, որ Ադրբեջանի ՆԳՆ ՕՄՕՆ-ի անդամները չարաշահել են իրենց իրավասությունները հայերի տեղահանման ժամանակ: Հուլիսի 16-ի մեր պատվիրակության մի մասը, որ Երևանից Ստեփանակերտ էր եկել, Խոջալուի օդակայանում ՕՄՕՆ-ի կողմից կոպի վարմունքի է ենթարկվել, ԼՂԻՄ-ի 5 բնակիչ մեր աչքի առաջ ձերբակալվել է: Երբ մենք բողոքեցինք, մեզ սպառնացին:
Մենք խոսել ենք ՕՄՕՆ-ի մի քանի սպաների հետ ու բացահայտեցինք, որ նրանց մասնագիտական պատրաստման աստիճանը խիստ ցածր է: Բացի այդ, ՕՄՕՆ-ի գրեթե ամբողջ անձնակազմը Հայաստանը լքած ադրբեջանցիներից է:
Խորհրդատվություն
Քաղաքացիական բնակչությունը պահելու և մարդկային տառապանքներից խուսափելու համար մենք անհրաժեշտ ենք համարում, որ Միխայիլ Գորբաչովը, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարը, Այազ Մութալիբովն իսկույն հրամանագիր ստորագրի տեղահանման անհապաղ դադարեցման մասին:
Պետք է անհապաղ դադարեցվեին հայերի ու ադրբեջանցի խաղաղ բնակչության նկատմամբ բոլոր զինված ակցիաները, հավաքական պատիժները, ունեցվածքի սեփականացումը, հակամարտող կողմերի ու զինված ուժերի կողմից պատանդներ վերցնելը, անհիմն ձերբակալությունները:
Բանտարկյալների ու ձերբակալվածների նկատմամբ վերաբերմունքը պետք է համապատասխանի միջազգային օրենքներին ու նորմերին: Ձերբակալվածներին պետք է մեղադրանքներ ներկայացվեն, նրանք պետք է անաչառ դատարանի առջև կանգնեն, հնարավորություն ունենալ կապ պահպանել ընտանիքի անդամների հետ, ընտրել փաստաբան և ստանակ բուժօգնություն:
Շուշիում ու Գյանջայում բանտարկյալների նկատմամբ կոպիտ վերաբերմունքն արտահայտվում է ծեծի, տանջանքների, վիրավորանքների, սպառնալիքների միջոցով, սննդից, ջրից ու դեղերից զրկելը պետք է դադարեցվի: Ինչպես նաև պետք է դադարեցվեն փաստաթղթերի ստուգման անվան ներքո ռեյդերը, մարդկանց ահաբեկելը:
Այն բոլոր անձինք, որոնց ունեցվածքը, ավտոմեքենաները, նախիրը թալանել են կամ սեփականացրել, պետք է համապատասխան փոխհատուցում ստանան: Պետք է դադարեցվի ԼՂԻՄ շրջափակումը, որը ենթադրում է տարածք ուտելիք, ապրանքներ, մարդկանց բերելը:
Խոջալուի/Ստեփանակերտի օդակայանում ուղևորների նկատմամբ կոպիտ վերաբերմունքը պետք է դադարեցվի:Ադրբեջանի ՆԳՆ ՕՄՕՆ ջոկատները պետք է հեռանան ԼՂԻՄ-ից ու հարող շրջաններից:
Իշխանությունները պետք է ապահովեն միջազգային ճանաչված կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը ԼՂԻՄ` հատկապես այն վայրեր, որտեղ տեղահանվել է տեղաբնիկ հայ ժողովուրդը:
Պետք է միջոցներ ձեռնարկվեն միջազգային վստահության ամրապնդման համար, որոնք ներառելու են միջազգային դիտորդների առկայությունը, որոնք բնակչության անվտանգության ապահովմանն են հետևելու և տուժածներին օգնության բաշխմանը:
Փաստաթուղթը ստորագրել են.
Պատվիրակության ղեկավար դքսուհի Քերոլին Քոքսը (Միացյալ թագավորություն)
Պատվիրակության անդամները: Մալկոլմ լորդը (Միացյալ թագավորություն), Ռոբերտ Աոսենալը, Դեյվիդ Լեոպոլդը, Վիլյամ Միլրը, Սքոտ Հորթոնը, Ֆիլիս Գաերը, Ալեքսեյ Սեմյոնովը (ԱՄՆ), Շին-Իչի Մասագակին (Ճապոնիա), Յուրի Սամոդուրովը (ԽՍՀՄ)»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան