Հայաստանը կմասնակցի «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին
Հայաստանը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին: Ինչպես գործադիրի այսօրվա նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ցուցահանդեսն ուղղված է լինելու էներգետիկայի ոլորտում նոր աղբյուրների հայտնաբերմանը և նպատակահարմար է դրան մեր երկրի մասնակցությունը:
«Մասնակցությունը համաշխարհային ցուցահանդեսներին ուրույն հարթակ է հանդիսանում երկրի պատմությունը և մշակույթը ցուցադրելու, նորարարական գաղափարներ և նվաճումներ փոխանակելու, ինչպես նաև ապագայի գլոբալ խնդիրների նկատմամբ երկրի մոտեցումները ներկայացնելու համար: «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսը կայանալու է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում 2017 թվականին: Ցուցահանդեսի խորագիրն է «Ապագայի էներգիա»: Միջոցառման շրջանակում կցուցադրվեն մարդկության լավագույն ձեռքբերումները կանաչ էներգետիկայի զարգացման մեջ: Ավելի քան 20 երկրներ արդեն իսկ հաստատել են ցուցահանդեսին իրենց մասնակցությունը»,- ասված է կառավարությանը ներկայացված նախագծի հիմնավորման մեջ:
Հաշվի առնելով միջոցառման կարևորությունը որպես միջազգային հարթակ, ինչպես նաև Հայաստանի պարբերաբար մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին (Աիչիյում /Ճապոնիա/ կայացած Էքսպո 2005, Շանհայում /Չինաստան/ կայացած էքսպո 2010 և Յոսույում /Կորեա/ կայացած Էքսպո 2012, Մոսկվայում /Ռուսաստան/ կայացած Պրոդէքսպո 2014/2015), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում տվյալ միջոցառմանը ՀՀ մասնակցությունը:
«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի հավուր պատշաճի մասնակցությունն ապահովելու և այս ուղղությամբ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով, նախատեսվում է գլխավոր հանձնակատար նշանակել ՀՀ էկոնոմիկայի նախարարին, իսկ միջոցառման մասնակցության ազգային օպերատոր` Հայաստանի զարգացման հիմնադրամին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները