Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կկնքվի առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր
Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարութունների միջև կկնքվի առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր, որը մշակվել է Հայաստանի և Ամերիկայի միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացման ու առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով: Այս մասին որոշման նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Ինչպես նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, համաձայնագրի շուրջ բանակցությունները շատ երկար են տևել:
Համաձայնագիրը հանդիսանում է ԱՄՆ-ի կողմից այլ երկրների հետ կնքված տիպային փաստաթուղթ: Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որը կնախագահեն հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ամերիկյան կողմից ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակը:
Համատեղ խորհրդի նպատակներն են` երկու կողմերի առևտրային և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը և հնարավոր խոչընդոտների բացահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները, ինչպես նաև հարցեր, որոնք ներառված չեն երկրների միջև կնքված ներդրումային համաձայնագրում:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եզրակացության՝ համաձայնագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին և նպատակներին:
Հաշվի առնելով Համաձայնագրի ստորագրման կարևորությունը երկու երկրների պոտենցիալ ներդրողների և առևտրատնտեսական զարգացման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ ձևավորելու առումով` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում ներկայացված Համաձայնագրի ստորագրումը ՀՀ կառավարության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան