Կյանքին հրաժեշտ տվեց մեծանուն ծանրորդ Վարդան Միլիտոսյանը
Մեծ կորուստ կրեց հայրենական սպորտը: Ծանր հիվանդությունից հետո երեկ ուշ երեկոյան իր մահկանացուն կնքեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Իշխանի Միլիտոսյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950 թ. հուլիսի 8-ին, Գյումրիում: Ծառայել է խորհրդային բանակում, ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:
Վարդան Միլիտոսյանը զինծառայության ժամանակ՝ 1964-ից, մարզվել է ԽՍՀՄ անվանի ծանրորդ և մարզիչ Հակոբ Ֆարաջյանի գլխավորությամբ: Վարպետության դասերը լավ էր ընկալում շնորհալի մարզիկը: Նա շռնդալից հաղթանակներ է տոնել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում: ԽՍՀՄ հավաքականի կազմում 75 կգ քաշային կարգի առաջատարը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976 թ.), աշխարհի հնգակի ռեկորդակիր, տասնյակ հաղթանակներ է տարել համամիութենական առաջնություններում և միջազգային պաշտոնական մրցաշարերում: Փաստորեն, որոշակի տեղատվությունից հետո նրա շնորհիվ Հայաստանում վերսկսվեց ծանրամարտի վերելքը:
Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո (1980 թ.) մեծանուն վարպետը համալրեց հարազատ քաղաքի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչների շարքը ու դարձավ հմուտ ուսուցիչ: Նա շատերին վարպետության դասեր տվեց: Իր հետքերով տարավ նաև եղբորորդուն` Իսրայել Միլիտոսյանին` նրան դարձնելով աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե (1988 թ.) և ոսկե (1992 թ.) մեդալակիր:
Երբեք չէր խոսում, չէր հիշատակում իր մեծ նվաճումների ու կատարած մարզական սխրանքների մասին, քանզի բարձր էր ու ցանկանում էր մշտապես բարձրացնել գործընկերներին: Ահա թե ինչու մարզադրոցի աշխատակազմը չափազանց բարի, ազնիվ, աշխատասեր ու մարդամոտ Վարդան Միլիտոսյանին 1996 թ. ընտրեց տնօրեն:
Վերջին տասնամյակում սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով, նա ստիպված եղավ այլ աշխատանքի անցնել: Բայց մեծանուն ծանրորդը անդավաճան մնաց իր մարզաձևին ու հոգով-սրտով նրա հետ էր մինչև կյանքի վերջը:
Վարդան Միլիտոսյանի հիշատակը միշտ վառ կմնա , քանզի նրա անունը ոսկե տառերով է գրված հայրենական ու համաշխարհային սպորտի պատմագրքում: