Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին` Հայոց ցեղասպանության բանաձևի մասին
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում ապրիլի 22-23-ը Երևանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որին ներկա էին 600-ից ավել մասնակից ավելի քան 50 երկրներից`
գիտնականներ, փորձագետներ, բարձրաստիճան քաղաքական գործիչներ և այլոք: Panorama.am-ը հարցազրույցների շարք է անցկացրել արտասահմանցի հյուրերի հետ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիի հետ հարցազրույցը:
Չառնեցկիի կարծիքով այս ֆորումը շատ լավ քաղաքական քայլ էր Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ: Նա հույս հայտնեց, որ այն բեկումնային կլինի ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում:
«Եթե այսօր քաղաքական, գիտական և փորձագիտական վերնախավերը միասին որոշեն, որ ապագայում պետք է կազմակերպվեն նմանատիպ գլոբալ ֆորումներ ցեղասպանության թեմայով, կարծում եմ, որ այս առումով գլոբալ ֆորումը Երևանում կարող է լինել պատմական պահ», - նշեց նա:
Մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի կողմից վերջերս ընդունած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը՝ Եվրախորհրդարանի փոխնախագահն ասաց, որ դա շատ կարևոր քայլ էր և որ այս բանաձևի վերջին տարբերակը շատ ավելի նպաստավոր է Հայաստանի համար, քան այն երկու տարբերակները, որ ընդունվել էին նախկինում: Մասնավորապես ըստ նրա Թուրքիային ներկայացվող քաղաքական պահանջի կետը, ինչպես նաև արխիվները բացելու պահանջը կարևոր է հայկական կողմի համար:
«Այս քայլով մենք ստեղծում ենք լավ մթնոլորտ այլ խորհրդարանների կողմից նմանատիպ որոշումներ ընդունելու համար», - ասաց նա: Այս առումով Չառնեցկին մասնավորապես կարևորեց նաև Ավստրիայում վերջերս ընդունված բանաձը հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև Գերմանիայի նախագահի առաջին պատմական այցը Բեռլինում ցեղասպանության հիշատակման արարողությանը:
«Գերմանիայի կառավարությունը մինչև հիմա թերահավատ էր ցեղասպանությունը դատապարտելու հարցում, քանի որ Թուրքիան 100 տարի առաջ Գերմանիայի և Ավստրիայի դաշնակիցն էր: Գերմանիայի մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցի հանդեպ արտահայտվում էր լռությամբ, իսկ լռությունը նշանակում է աջակցություն», - հավելեց Չառնեցկին:
Նա գտնում է, որ այս բանաձևի ընդունումից հետո ժամանակն է ավելի քաղաքական քայլեր ձեռք առնելու, ինչպիսին օրինակ կարող է լինել Բրյուսելի և Երևանի միջև հատուկ համաձայնագիրը տնտեսական համագործակցության շուրջ:
Հարցազրույցը՝ Նվարդ Չալիկյանի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան