Foreign Policy. «Ժխտել նշանակում է կենդանի պահել Ցեղասպանության փաստը»
Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականը հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին` զարգացնելով այն թեզը, որ հատկապես Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը կենդանի է պահում մարդկության դեմ իրագործված այդ հանցագործության փաստը:
Խոսելով ամերիկայում հաստատված հայերի մասին` պարբերականը նկատում է, որ նրանք իրենց նույնականացնում են ամերիկյան երազանքի հետ, որը ներծծված է խաղաղության և արդարության գաղափարներով:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը` պարբերականը հիշեցնում է, թե ինչպես 1915 թվականի ապրիլի 24-ին Կոնստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ մտավորականները և ազգի նշանավոր ներկայացուցիչները, որին արդեն հաջորդեցին երիտթուրքերի կողմից հայերին ոչնչացնելու համակարգված գործողությունները:
«Երիտասարդ թուրքերի եռյակը, հայերին համարելով որպես կայսրության անվտանգության սպառնալիք, Ստամբուլում նախաձեռնեց սպանությունների և մշակութային ոչնչացման համակարգված արշավ, որը նկարագրվում է որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն: Հայերը սպանվեցին, կախաղան հանվեցին, զանգվածաբար գլխատվեցին, բռնաբարվեցին, աքսորվեցին սիրիական անապատ` մահվանն ընդառաջ: Կենդանի մնացածները սփռվեցին աշխարհով մեկ»,- գրում է պարբերականը:
Անդրադառնալով արդեն Ցեղասպանության իրողության ժխտման թուրքական դիրքորոշմանը` պարբերականը հիշեցնում է, որ իշխանության եկած Քեմալ Աթաթուրքը նախաձեռնեց կրթության և մշակույթի ոլորտներում իսկական հեղափոխություն, որը կոչված էր ապահովել թուրքերի միաձույլ ինքնությունը և այդ կերպ մոռացության տալ հայերի երբեմնի գոյությունը և ապա անհետացումը Օսմանյան կայսրությունում:
«Մշակութային հեղափոխությունը արդյունավետորեն Թուրքիային կտրեց իր բազմազան մշակույթ ունենալու պատմությունից. Նոր տառեր, նոր բառեր, այլևս ոչ մի հայկական պատմական հուշարձան, ոչ մի հայ կոմպոզիտոր, գրողներ ու դերասաններ: Թուրք պատմաբան Թաներ Աքչամը ցույց է տալիս, թե ինչպես է Հայոց ցեղասպանության թեման դուրս թողնված թուրքական դասագրքերից և թե ինչպես են հայերը ներկայացվում որպես պատմական քաղցկեղ, որը քայքայում էր երկիրը ներսից: Շուրջ երեք սերունդ այս թեզերով սնված ու մեծացած այսօրվա Թուրքիայի ժխտողականները դժվար թե կասկածեն իրենց դիրքորոշման սխալականության հարցում»,- նկատում է պարբերականը:
Շարունակելով` պարբերականը գրում է, որ պատմաբանների կողմից արդեն իսկ ընդունված է, որ տեղահանումը Ցեղասպանության փուլերից մեկն է միայն, իսկ ահա ժխտողականությունը` Ցեղասպանության` որպես հանցագործության, վերջին փուլն է:
«Այս տարի հայերը ոչ միայն նշում են Ցեղասպանության 100-րդ տարելիցը, այլ նաև կոչ են անում վերջ տալ ժխտողականությանը, որն էլ հենց կենդանի է պահում այս Ցեղասպանության փաստը: Թուրքիայի կողմից համառ ժխտողականությունը խոսում է կործանարար ու պարտադրված ամոթի մասին: Բայց եկեք չմոռանանք, որ կա նաև առողջ ամոթ: Անցյալին ազնվորեն առերեսումը կարող է երբեմնի միասին ապրած այս ժողովուրդներին կրկին միասին դարձնել»,- գրում է պարբերականը:
Այս համատեքստում պարբերականը նկատում է, որ նման հաշտեցման կողմնակից էր նաև Հրանտ Դինքը, ով սպանվեց պատմական արդարության վերականգնում պահանջելու համար: Պարբերականը գրում է նաև Դինքի գաղափարները կիսող թուրքական մտավորականության և քաղաքացիական հասարակության աճող թվի մասին` միաժամանակ հավելելով. «իսկ Թուրքիայի վարչապետը շարունակում է խոսել պատերազմի` դժոխք լինելու թեզի մասին`ողբերգական իրադարձությունները և դրանց անմարդկային հետևանքները, ինչպես օրինակ տեղահանումը, ներկայացնելով Առաջին համաշխարհային պատերազմի լույսի ներքո»:
Խոսելով թուրքական կողմի ժխտողականության անթույլատրելի և կործանարար լինելու մասին` պարբերականը օրինակ է բերում, թե ինչ կլիներ, եթե այսօրվա Ամերիկան ևս փորձեր Թուրքիայի պես խուսափել իր անցյալից ու պատմությունից, փորձեր, ենթադրենք, ժխտել Ամերկյան հնդկացիների գոյությունը Հյուսիսային Ամերիկայում, մինչ Եվրոպացիների այնտեղ հասնելը:
«Բայց ամերիկացիները գիտեն հիմնավորված ամոթի ամոքող ուժը, որն ի զորու է արդյունավետ կապեր հաստատել մշակույթների միջև, հաղթահարել ֆիզիկապես փակ սահմանները»,- գրում է պարբերականը:
Հաջորդիվ պարբերականը առաջ է քաշում այն թեզը, որ ժխտողականության գիծը շարունակելու քաղաքականությունը անթույլատրելի է նաև Միացյալ Նահանգների կողմից: Քանզի, ըստ պարբերականի, ռազնավարական կարճաժամկետ շահերը չեն կարող վեր դասվել արդարությունից ու ճշմարտությունից:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն ամերիկահայերին ուղղված սիրալիր քայլ չէ: Ճանաչումը, անկասկած, մեր արտաքին քաղաքականությունը կկապի արդարության հետ և վերջ կդնի այն տպավորությանը, որ մենք ընդունում ենք պատմության քաղաքական մեկնաբանումը: Ամերիկայի համար խաղաղության հաստատումը միշտ նշանակել է արդարության ձգտում: Միանշանակորեն արդեն ժամանակն է, որպեսզի Ամերիկայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակում է պարբերականը: