Էլէներգիայի գինը բարձրացնելու մասին հայտը ՀԾԿՀ-ն կհաստատի, քանի որ կամքի պակաս ունի. Տնտեսագետ
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու առաջարկել վերանայել էլեկտրաէներգիայի գործող սակագինը: Այդպիսով, ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագինը առաջարկում է գործող 42 դրամից դարձնել 48 դրամ:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի համար ՀԷՑ-ի այդ քայլը զարմանալի չէր և նույնիսկ սպասելի էր:
«Էլեկտրոցանցերի վիճակը, նրանց անընդհատ չբավարարելը, նրանց կողմից ներկայացվող հսկայական կորուստները, չհիմնավորված վնասների ռիսկերը տպավորություն են ստեղծում, որ այնտեղ ինչ-որ բան այն չէ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում վերլուծելով իրավիճակը կարծիք հայտնեց Գագիկ Մակարյանը:
Տնտեսագետի պնդմամբ, ՀԷՑ-ում Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ինչպես սահմանված է պայմանագրով, տեխնիկական լուրջ աուդիտ պետք է անցկացնի` գնահատելու` ինչու են առաջանում կորուստները և ինչ պետք է անել այն կանխելու համար: Նշենք, որ տարբեր տեղեկություններով, ՀԷՑ-ում կորուստները կազմում են 12 տոկոս:
«Անհասկանալի է` պետությունն այդ քայլին չի գնում, քանի որ ախպերական հարաբերությունների մե՞ջ է ՀԷՑ-ի հետ, թե՞ այլ պատճառ կա: Իմ մոտ տպավորություն կա, որ այնտեղ ատկատների պրոցես կա, եկամուտները դուրս են հանվում և չեն ծախսվում միջոցներ համակարգի թարմացման, արդյունավետության բարձրացման համար», -նկատեց Մակարյանը:
Տնտեսագետի խոսքով, Հանրապետությունը էլեկտրաէներգիայով մատակարարող ընկերությունը աշխատում է հին տրանսֆորմատորներով, ապահովիչների համակարգով, իսկ «հաստ ու բարակ» էլեկտրական լարերն էլ անհավասարաչափ են բաշխված:
Ինչ վերաբերում է էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայհությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը, ապա Մակարյանը կասկած չունի, որ կարգավորող հանձնաժողովը կհաստատի ՀԷՑ-երի ներկայացրած հայտը:
«Հանձնաժողովի վերջին շրջանի պահվածքը ցույց է տալիս, որ եթե պետք է որոշում, ինքը կորոշի ու կտա, քանի որ ՀԾԿՀ-ի մոտ կամքի ու խիզախության պակաս կա», -նկատեց մեր զրուցակիցը:
ՀԷՑ-ի նման կամայականության կանխման համար պետության կողմից, ըստ Մակարյանի, կարող է լուծում լինել պայմաններ դնելը, որի համաձայն, թանկացումը կլինի ժամանակավոր և մեկ կամ երկու տարի անց եկամուտներ ստանալու արդյունքում համակարգը բարելավելուց հետո, նախկին գները վերականգնվեն:
«Էներգակիրների թանկացումը միշտ էլ ռիսկային է, քանի որ ապրանքների գնարժեքի մեջ դրանք մեծ դեր ունեն ու գցում են մարդկանց գնողունակությունը», -եզրափակեց Գագիկ Մակարյանը: