«Օզբիլիսը ներակումբային ինտրիգների զոհ դարձավ»
Հայ կիսապաշտպան Արաս Օզբիլիսի նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը, ով կապ է պահպանում ֆուտբոլիստի հետ, «Իզվեստիային» պատմել է աղմուկ հանած հարցազրույցի մասին՝ շեշտելով, որ Օզբիլիսը նման հարցազրույց չի տվել, իսկ դրա՝ մամուլում հայտնվելն ավելին չէ, քան ինտրիգը՝ կազմակերպված նրա կողմից, ով ուզուր էր Մուրատ Յակինին ներկայացնել բացասական լույսի ներքո:
«Նման հարցազրույցն ինձ չզարմացրեց,- ասել է Սելյուկը:- Բայց այս խաղաքարտը խաղարկում է ոչ թե Օզբիլիսը, այլ մեկ ուրիշը՝ կանգնած նրա թիկունքում: Հնարավոր է, որ խոսքն ակումբի բաժնետեր Ջիվան Չելոյանցի մասին է: Ես խոսել եմ Արասի հետ, նա ինձ ասաց, որ ոչ մի նման բան չի ասել: Ամեն դեպքում՝ բարբարոսություն է հայերի ցեղասպանության հարցը բարձրացնել ֆուտբոլիստի՝ փոխարինողների կազմ տեղափոխության համատեքստում: Դա գլոբալ հարց է և մի ողջ ժողովրդի անբուժելի վերքը: Հենց ֆուտբոլը պետք է միավորի բոլոր ազգերին: Պատահական չէ, որ մի քանի տարի առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին Երևան հրավիրեց ֆուտբոլային խաղի առիթով: Որովհետև այս հրաշալի խաղը պետք է հարթի տարաձայնությունները»:
Օրերս հրապարակվել է մի հարցազրույց, որը, իբր, տվել է «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Հայ ֆուտբոլիստը, իբր, հաստատել է, որ Մուրատ Յակինի որոշումը՝ իրեն փոխարինողների կազմ տեղափոխելու վերաբերյալ, կայացվել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության օրը և պայմանավորված է հայ ազգի նկատմամբ արմատներով թուրք մասնագետի ատելությամբ:
«Կրկնակի տարօրինակ են թվում «Օզբիլիսի խոսքերն» այն բանի ֆոնի վրա, որ ինքը ծնվել է Թուրքիայում և ավելի լավ է խոսում թուրքերենով, քան Յակինը,- կարծում է Սելյուկը:- Ցավոք, կան մարդիկ, ովքեր խաղարկում են քարտը «Սպարտակի» ներսում: Այս պատմությունը կարող է լինել Օզբիլիսի՝ ակումբում աշխատանքի ավարտը: Ավելին՝ մեկ տարի առաջ «Սպարտակը» հենց թուրքական ակումբների հետ էր բանակցում՝ Արասի տրանսֆերը վաճառելու համար, սակայն ֆինանսական հարցում կողմերը չկարողացան պայմանավորվել»:
«Իզվեստիայի» տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր 57-ամյա Լեոնիդ Ֆեդունը վիճել է ակումբի տնօրենների խորհրդի անդամներից մեկի՝ Ջիվան Չելոյանցի հետ՝ ֆուտբոլի հանդեպ տարբեր մոտեցումների, ներակումբային գործերի ու, մասնավորապես, ակումբում մարզչական դիրքի պատճառով:
«Ֆեդունը կասկածում է, որ Չելոյանցն արշավ է սկսել՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մուրատ Յակինի պաշտոնանկությանը հասնելու համար,- «Իզվեստիային» ասել է «Սպարտակի» աղբյուրներից մեկը:- Չելոյանցը չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը Մուրատ Յակինի նկատմամբ և արդեն մեկ անգամ չէ արտահայտվել այդ մասին ոչ միայն տնօրենների խորհրդի նիստերում, այլև հրապարակայնորեն, որ չի վստահում և երբեք չի վստահել շվեյցարացի մասնագետին: Ակումբի բաժնետերն ակտիվորեն հանդես է գալիս Մուրատ Յակինի պաշտոնանկության դիրքերից՝ պնդելով, որ թիմը պետք է գլխավորի Տուլայի «Արսենալի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը»:
«Այո, Յակինի ծնողները Թուրքիայից են, բայց իր մենթալիտետով Մուրատն իսկական եվրոպացի է: Շվեյցարիան բազմազգ երկիր է, որտեղ ի սկզբանե չի կարող այլ ազգի նկատմամբ ատելության հիմք դրվել,- վստահ է Սելյուկը:- Յակինը պրոֆեսիոնալ է, ում գլխում միայն իր թիմի հաջողություններն են և դրանց հասնելու հնարավորությունները: Ծանոթներ ունեմ, ովքեր մոտիկից ճանաչում են Յակինին: Նրանց հետ արդեն խոսել եմ՝ կապված Օզբիլիսի «հարցազրույցի» հետ: Նրանք նույնիսկ չեն կարողանում պատկերացնել, որ Յակինն ի վիճակի էր նման բան անել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի օրը: Երբեք չեմ կարծել, որ Օզբիլիսի՝ «Սպարտակի» փոխարինողների կազմ տեղափոխության ժամանակ ես Ֆեդունի կողմից կլինեմ: Սակայն լինելով մի մարդ, ով հասկանում է ֆուտբոլից, ուզում եմ շեշտել, որ Յակինի հրավիրումը, նույնիսկ բոլոր գրոհների ու ինտրիգների ֆոնի վրա՝ ուղղված իր դեմ, վերջին տարիներին Ֆեդունի լավագույն որոշումն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան