«Սպարտակը» տրանսֆերի կհանի Օզբիլիսին ու Մովսիսյանին
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր բաժնետեր և տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունն ակումբի ղեկավարությանը հանձնարարել է նոր թիմեր փնտրել 25-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսի և 27-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի համար: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»: Ֆեդունը նման որոշում է կայացրել Արաս Օզբիլիսի՝ «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցի պատճառով: Ֆեդունը կարծում է, որ այդ հարցազրույցը կապված է «Սպորտ Էքսպրեսի» ևս մեկ բաժնետիրոջ՝ Ջիվան Չելոյանցի հետ, ով ի սկզբանե դեմ է եղել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Մուրատ Յակինի նշանակմանը:
«Ֆեդունն անձամբ է հանդիպել Յակինի հետ և ևս մեկ անգամ հայտնել է, որ լիովին աջակցում է նրան,- «Իզվեստիայի» թղթակցին ասել է ակումբի աղբյուրներից մեկը:- Ակումբի ղեկավարը կարծում է, որ Յակինը վերջին ժամանակներս այնքան էլ հասարակ իրավիճակում չէ իր աշխատանքի նկատմամբ երկրպագուների, ֆուտբոլիստների, ակումբի տնօրենների խորհրդի անդամների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մեծ ուշադրության պատճառով: Շվեյցարացի մասնագետի վրա գործադրված ուժեղ ճնշումը խանգարում է նրան կենտրոնանալ աշխատանքի վրա, իսկ ակումբի ղեկավարության աջակցությունը շատ կարևոր է նրա համար այս ծանր շրջանում: Առավել ևս՝ երկու կարևորագույն խաղի նախաշեմին՝ ընդդեմ պիտերյան «Զենիթի» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ի»:
Փառաբանված սպարտակցի Վալերի Ռեյնգոլդը կարծում է, որ Արաս Օզբիլիսը պետք է պատժվի առանց ակումբի ղեկավարության հետ համաձայնեցնելու հարցազրույց տալու համար, իսկ նրա հեռացումը «Սպարտակից» կորուստ չի լինի թիմի համար:
«Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հիմնական և գլխավոր խնդիրը ֆուտբոլ խաղալն է, այլ ոչ թե խոսելը,- «Իզվեստիային» ասել է Ռեյնգոլդը:- Եթե Օզբիլիսն առարկություններ ունի մարզչի նկատմամբ, ապա պարտավոր էր անձամբ մոտենալ նրան և զրուցել այդ մասին: Խնդիրն անհրաժեշտ էր քննարկել և հայտնել սեփական դժգոհությունը մարզչին, այլ ոչ թե ողջ երկրով մեկ: Առավել ևս, որ այս իրավիճակում Յակինն ընդհանրապես մեղավոր չէ: Օզբիլիսը ծանր վնասվածք ուներ, որից երկար ժամանակ ապաքինվում էր: Նայելով ֆուտբոլիստին մարզումների ժամանակ՝ շվեյցարացի մասնագետը հասկացել է, որ Արասի այժմյան որակները նրան հնարավորություն չեն տալիս խաղալ հիմնական կազմում, ուստի ֆուտբոլիստին ուղարկել է երկրորդ թիմ, որտեղ վերականգնման գործընթացը կարող է ավելի արագ կատարվել: Դա միանգամայն նորմալ է և մարզչի իրավասության հարց է: Ամեն դեպքում՝ եթե նույնիսկ Օզբիլիսը նման բան չի ասել, և այս ամենը ինչ-որ մեկի կողմից պլանավորված ակցիա է, ֆուտբոլիստի մեղքը քիչ չէ: Չեմ կարծում, որ նա հարցազրույց է տվել կապված վիճակում կամ ատրճանակի սպառնալիքի տակ: Իսկ հայ կիսապաշտպանի հեռացումը ոչ մի կերպ չի անդրադառնա թիմի վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան