Ռատկե. ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը սեփական ապագան որոշելու հարցում
Միացյալ Նահանգները չի պատրաստվում ընդունել մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները, սակայն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը սեփական ապագա որոշելու հարցում։ Այս մասին նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն։ Այս մասին տեղեկանում ենք պետքարտուղարության կայքում զետեղված ճեպազրույցի սղագրությունից։
Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում նախատեսված խորհրդարանական ընտրություններին, Ռատկեն, մասնավորապես, ասել է. «Նախ նշեմ, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն, հետևաբար, մենք չենք ընդունի մայիսի 3-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքները` որպես ԼՂ իրավական կարգավիճակի վրա ազդեցություն ունեցող հանգամանք։ Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան որոշելու դերակատարում ունի։ Սակայն, ևս մեկ անգամ ընդգծեմ, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում կանխորոշել ԼՂ իրավական կարգավիճակը կամ հարատև ու խաղաղ կարգավորմանը միտված միջազգային բանակցությունների ելքը», - ասել է Ռատկեն։