«Իսկ ե՞րբ եմ ես դուրս եկել քաղաքականությունից». Արցախի նախկին նախագահ
«Իսկ ե՞րբ եմ ես դուրս եկել քաղաքականությունից: Ձեզ թվում է՝ ես քաղաքականությունից դու՞րս եմ: Հիմա ես զբաղված եմ Լեռնային Ղարաբաղի հարցով և այն մարդիկ, ովքեր խոսում են, թե Ղուկասյանը Ղարաբաղում չէ, սխալվում են: Ղուկասյանը միշտ Ղարաբաղում է: Իմ ընտանիքն այստեղ է, իսկ ես և´ Հայաստանում, և´ Ղարաբաղում զբաղվում եմ Ղարաբաղի հարցով»: Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք նրա վերադարձը քաղաքականություն:
Իսկ թե ինչպե՞ս կգնահատեք տարիների ընթացքում Արցախի զարգացումը հարցին ի պատասխան, նա նշեց, որ երբեք ոչ մի վատ բան չի ասում. «Նկատած կլինեք` ես երբեք վատ բան չեմ ասում: Գտնում եմ, որ դա կոռեկտ չէ: Իսկ ընդհանուր առմամբ համարում եմ, որ Ղարաբաղը զարգանում է»:
Միաժամանակ Ա. Ղուկասյանը հույս հայտնեց, որ գնալով Արցախը կդառնա ավելի ժողովրդավարական երկիր և այստեղ անցկացվող ընտրություններն էլ կլինեն օրինակելի:
Պատասխանելով հարցին, թե արդո՞ք հնարավոր համարում եք, որ ժամանակի ընթացքում Արցախում անցում կատարվի խորհրդարանական կառավարման ձևին, նա ասաց. «Հայաստանում նման գործընթացներ կան, ու բնական է, որ դրա մասին մտածում են նաև Արցախում: Բայց, կարծում եմ, դեռևս շտապել պետք չէ, տեսնենք թե ինչով կավարտվի այդ ընթացքը Հայաստանում: Ընդհանրապես, սա ժողովրդի որոշելիք հարցն է: Անձամբ իմ կարծիքը ես կարտահայտեմ մի քիչ ուշ: Կարծում եմ` հիմա դրա ժամանակը չէ»: