Աշոտ Ղուլյանը քվեարկել է հանուն Արցախի ժողովրդավարական ապագայի
Քիչ առաջ Արցախի խորհրդարանական ընտրություններում քվեարկեց ԱԺ գործող նախագահ, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ցուցակը գլխավորող Աշոտ Ղուլյանը: Այս մասին հաղորդում է «Panorama.am»-ի թղթակիցը Արցախից:
Հանուն ինչի՞ է նա այսօր քվեարկել, լրագրողների հարցին, Ղուլյանը պատասխանեց, որ քվեարկել է հանուն Արցախի ժողովրդավարական ապագայի:
«Եվ սա ուղղակի խոսքեր չեն, որովհետև մեր նախընտրական արշավն էլ ցույց տվեց, որ այսօր ժողովրդի համար ամենակարևորն են երկրի ապագան և խաղաղությունը: Այս ուղղությամբ շատ հանգամանքներ ու անելիքներ կան, և ընտրություններն էլ տալիս են դրա հնարավորությունը»:
Հարցին, թե ԱԺ նախագահի կարծիքով, ընտրություններից հետո խորհրդարանում կփոխվի՞ կուսակցությունների ներկայացվածության համամասնությունը, Ա. Ղուլյանը պատասխանեց.
«Որոշակի փոփոխություններ, իհարկե, կլինեն բայց, կարծում եմ, հիմնական դասավորվածությունը կպահպանվի»:
Հարցին, իսկ ընդդիմությունը ներկայացված կլինի՞ խորհրդարանում, ԱԺ նախագահը պատասխանեց.
«Ինձ թվում է՝ այո, որովհետև այս ընտրությունները՝ նախորդների համեմատ, ավելի մրցակցային են, և զգացվում է քաղաքական դաշտի աշխուժությունը»,- ասաց Ղուլյան:
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ 6-րդ գումարման խորհրդարանում քաղաքական դաշտն ավելի ներկայացված կլինի»: