Մենք իշխանություններին չենք վստահում. Արցախում ընդդիմադիր կուսակցության ղեկավար
«Նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել սեփական վերարտադրությունն ապահովելու համար: Մենք իշխանություններին չենք վստահում»,-Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը:
«Երբ ասում եմ խախտումներ, խոսքը թե' ոչ հավասար լուսաբանման մասին է, թե' ԱԱԾ-ի կողմից ամենաայլանդակ միջամտությունների մասին է»,- իր խոսքը շարունակեց նա:
Հ. Խանումյանը վստահ է, որ իր ղեկավարած ուժը հաղթահարելու է ընտրական շեմն ու ներկայացված է լինելու ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ում:
Նա նշեց, որ իրենց առաջնային նպատակը Արցախում քաղաքական համակարգի որակների բարձրացումն է. «Այն, որ այս անգամ, ի տարբերություն 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների, արդեն իսկ գոյություն ունի լուրջ մրցակցություն, խոսում է քաղաքական որակների բարձրացման մասին»: